Չինական կողմն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Արարատ Միրզոյանն ընդունել է ՉԺՀ դեսպանին

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) դեսպան Ֆան Յունին:

Նախարար Միրզոյանն ու դեսպան Ֆան Յունն անդրադարձ են կատարել հայ-չինական բազմադարյա բարեկամական կապերի վրա հիմնված հարաբերություններին և վերահաստատել են երկու երկրների պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված փոխգործակցության զարգացման ուղղությամբ:

Հայկական կողմը ներկայացրել է ադրբեջանական ԶՈՒ կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողությունները: ՉԺՀ դեսպանը նշել է, որ չինական կողմն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Ղարաբաղյան հիմնախնդրի համապարփակ կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է Չինաստանի դիրքորոշումը:

Դեսպան Ֆանը նշել է, որ Չինաստանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչը կնպաստի ողջ տարածաշրջանի կայունությանը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել բազմակողմ հարթակներում երկրների համագործակցությանը, այդ համատեքստում կարևորվել է Եվրասիական տնտեսական միության և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության միջև համադրման գաղափարը:

Արարատ Միրզոյանն ու Ֆան Յունն անդրադարձել են կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել համավարակի դեմ պայքարում Չինաստանի տրամադրած աջակցության համար:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են նաև երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճի ցուցանիշները: Մտքեր են փոխանակվել տնտեսական համագործակցության ոլորտում առկա ներուժն էլ ավելի արդյունավետ իրացնելու վերաբերյալ:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան