Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի շրջանների մի քանի նավթային օբյեկտների վրա

Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Ռուսաստանի շրջանների մի քանի նավթաքիմիական գործարանների վրա, որոնք բանակին կարևոր ռեսուրսներ են մատակարարում։

Երկու պայթյուն է տեղի ունեցել Բաշկիրիայի Ստեռլիտամակ քաղաքում, անօդաչու սարքերը հարձակվել են արդյունաբերական համալիրի վրա, որը մասնագիտացած է կաուչուկների, իոնոլի, ավիացիոն բենզինի արտադրությամբ և մտնում է «Ռոսխիմ» քիմիական հոլդինգի մեջ։

Ավելի քան 10 պայթյուն էլ լսվել է Նիժնի Նովգորոդի մարզի Կստովո քաղաքում: Տեղական Telegram ալիքների տվյալներով՝ անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհ է առաջացրել արդյունաբերական գոտում, որտեղ գտնվում են երկու նավթային օբյեկտներ՝ «ՍԻԲՈՒՐ-Կստովոն» և «Լուկօյլ-Նիժեգորոդնեֆտեօրգսինթեզը»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են Ռուսաստանի շրջանների վրայով թռչող ընդհանուր առմամբ 85 ուկրաինական դրոն:

Անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով Ռուսաստանի բազմաթիվ օդանավակայաններում, այդ թվում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սարատովում և մի շարք այլ քաղաքներում, ժամանակավորապես սահմանափակվել են ինքնաթիռների մեկնումներն ու ժամանումները:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանն էլ է շարունակել անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածները ուկրաինական քաղաքների դեմ: Կիևում հայտարարվել է օդային հարձակման տագնապ, իսկ Խարկովում պայթյունների շարք է տեղի ունեցել: Դնեպրոպետրովսկի մարզում Ռուսաստանի հարվածների հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել 11-ը:

Related posts

46 և 25-ամյա տղամարդիկ ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, կատարել տարբեր հանցագործություններ

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքների որոշ հասցեներում

Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի էական բարձրացում