Ոստիկանները 9 կգ կանեփի չորացված զանգված են հայտնաբերել․ 1 անձ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Դավթաշեն թաղամասի բնակիչ 49-ամյա մի տղամարդ բակում աճեցնում է կանեփ և նաև իրացնում է դրանից ստացած մարիխուանան։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Քրեական ոստիկանները օպերատիվ տվյալն իրացրին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի գործընկերների հետ։ Հոկտեմբերի 16-ին իրավապահներն այցելեցին տղամարդուն և բակում հայտնաբերեցին կանեփի բույսեր, չորացրած ցողուններ և տարաներում լցրած դեղնականաչավուն զանգվածներ։

Տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց Դավթաշենի բաժին, որտեղ հայտնեց, թե կանեփն աճեցրել ու թմրանյութը պատրաստել է անձնական օգտագործման համար։ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու բնակության վայրում հայտնաբերվեց կանեփի 36 թուփ, 9 կգ կանեփի չոր զանգված, 1 կգ կանեփի սերմ և հինգ կաթուցիչ։

49-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը»,- ասվում է հաղորդագրությունում։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից