Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Ռուսական ռազմաբազայի 27-ամյա զինծառայողը մահացել է

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 27-ամյա Ալեքսեյ Մելնիկովը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով, Սարատովկա գյուղի հարակից դաշտում, դեռեւս անհայտ հանգամանքներում, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհից ու մի քանի մետր գլորվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վերջինս տեղում մահացել է: Նրան արդեն մահացած վիճակում իր հետ գտնվող քաղաքացիները իրենց մեքենայով տեղափոխել են Ստեփանավանի բժշկական կենտրոն, որտեղ էլ հաստատվել է մահը:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաեւ ոստիկանության Ստեփանավանի եւ Տաշիրի բաժինների օպերատիվ խմբերը՝ բաժինների պետերի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 27-ամյա Ա. Մելնիկովը ծառայում է Գյումրի քաղաքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում՝ որպես դասակի հրամանատար

Գ. Շամշյանը հայտնում է նաեւ, որ մեքենայում հայտնաբերվել է որսորդական հրացան:

Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Related posts

Դուք առաջարկում եք ճանապարհ, որը փորձարկված է և տանում է աղետի, մենք առաջարկում ենք ճանապարհ, որը դեռ չի էլ փորձակվել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ցանկացած դեպքում ՀԱՊԿ-ը արդյունավետ կառույց է՝ պատասխանատու իր անդամների անվտանգության համար. Զախարովա