Շուրջ 510 մլն կտրամադրվի էկոպարեկների` մոբայլ համակարգով հագեցած 22 ավտոմեքենա ձեռք բերելու համար

Նախատեսվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության՝ 2024 թվականի պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում և 509 մլն 512 հազար դրամի չափով գումար ուղղել Սյունիքի մարզային վարչության տեխնիկական կարողությունների ընդլայնմանը: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հոկտեմբերի 3-ի նիստին ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

Գումարն ուղղվելու է Սյունիքի մարզային վարչության՝ Կապանի, Սյունիքի, Սիսիանի, ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» տեղամասերի համար 22 գործառնական մեքենաներ ձեռք բերելուն և դրանք մոբայլ համակարգով ու այլ տեսակի հատուկ կահավորանքով հագեցնելուն:

«22 մեքենաները հատկացվելու են մարզային վարչությանը. դրանք պիկապ տեսակի ավտոմեքենաներ են դժվարամատչելի տարածքներ հասնելու համար, նաև հագեցված են մոբայլ համակարգով, որը է այն ամբողջ հագեցվածությունը, որը կապված է նաև կապի հետ: Այսինքն՝ դրանք նաև ազդանշանային համակարգերն են, կապի միջոցները, դրանք վերալիցքավորվելու, նաև տարբեր հակահրդեհային իրավիճակներում գործելու հագեցվածություն ունեն՝ հեռադիտակներ, ջրի բաքեր, ատրճանակներ, հակահրդեհային խողովակներ»,- ասաց նախարարի տեղակալը:

Ըստ Տիգրան Գաբրիելյանի՝ Էկոպարեկային ամբողջ ծառայության համար նախատեսված է ձեռք բերել շուրջ 142 մոբայլ միջոցներ, որոնք տրվելու են 7 մարզի 18 տեղամասին: Լինելու է էկոպարեկների 4 խումբ՝ բարձրագույն, գլխավոր, կրտսեր, առաջատար՝ ըստ վերջիններիս ստաժի ու աշխատանքային փորձառության: Շարժակազմերը գործելու են 12-ժամյա 2 հերթափոխով, յուրաքանչյուր շարժակազմում լինելու է 2 պարեկ:

«2025 թվականին նախատեսվում է պետբյուջեով նաև 55 մեքենայի ձեռքբերում, 142 մեքենայի մոբայլ համակարգերը ևս նախատեսված են 2025 թվականի բյուջեով, իսկ մնացած մեքենաները նպատակ ունենք ձեռք բերել միջազգային դոնորների միջոցների հաշվին»,- ասաց նա:

Ըստ նախարարի տեղակալի՝ Էկոպարեկային ծառայությունը հագեցվելու է և՛ դրոններով, և՛ տեսանկարահանող սարքավորումներով և ծխի դետեկտորներով, ստեղծվելու է կառավարման կենտրոն, որտեղ ստացվելու են ահազանգերը, որոնց էլ էկոպարեկները պետք է արագ արձագանքեն:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ