Շմոլ գազից թունավորմամբ 7 երեխա տեղափոխվել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում ապրիլի 12-ին և 13-ին հոսպիտալացվել են տարբեր ընտանիքներից 7 երեխաներ: Այս մասին նշված է հիվանդանոցային համալիրի պաշտոնական կայքում:

Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանի փոխանցմամբ՝ շմոլ գազի հետևանքով վատացել է նրանց ինքնազգացողությունը և, համապատասխան բուժօգնություն ստանալով այլ բուժհաստատություններում, տեղափոխվել են համալսարանական կլինիկա:
4 երեխա թունավորվել է մեկ ընտանիքից, 2 երեխա՝ մեկ, իսկ 1 երեխա՝ մեկ այլ ընտանիքից:

Համալսարանական մասնագետների կողմից որոշվել է երեխաների թունավորման մակարդակը, նշանակվել է հիպերբարիկ օքսիգենացիա:
Բուժման արդյունքում նրանց մոտ գրանցվել է դրական դինամիկա, և նրանք դուրս են գրվել համալսարանական հիվանդանոցից:

Շմոլ գազով թունավորման հիմնական պատճառը մեծ քանակներով վերջինիս ներշնչումն է: Թունավորման նախնական ախտանշաններն են՝ գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, փսխումներ, ուշագնացություն, այդ պատճառով շատ հաճախ հնարավոր է շփոթել սննդային թունավորումների կամ գրիպի հետ:
Ծանր թունավորումից կարող են տուժել նյարդային համակարգը, գլխուղեղը, վնասվել ուղեղի կեղևի նեյրոնները, կարող են առաջանալ ցնցումներ, սրտի ռիթմի խանգարումներ, անգամ սրտի կանգ:

Տնային պայմաններում առաջին բուժօգնության հիմնական պայմանը տուժածին այդ միջավայրից արագ հեռացնելն ու հիվանդանոց տեղափոխելն է: Եթե թունավորման մակարդակը շատ բարձր է, ապա այս դեպքում ցուցված է թթվածնի մատակարարումը կատարել բարոխցիկում՝ ճնշման տակ, ինչի շնորհիվ լավացումն ավելի արագ տեղի կունենա:

Related posts

Լավ ապրելը ՀՀ-ում պետք է լինի սովորական, ինչի համար Կառավարությունը մեծ ներդրումներ է կատարում. Նիկոլ Փաշինյան

ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում. ՄԻՊ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում վթարի հետևանքով մարզային ԲԿ-ներում հոսպիտալացվել է 10 տուժած. երկուսի վիճակը կայուն ծանր է. ԱՆ