Ակնկալում ենք տպավորիչ առաջնություն. վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաների նախագահներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդին և Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտիին: Նշենք, որ ապրիլի 15-23-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի 2023 թ. առաջնությունը, որի անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է:

Վարչապետը, ողջունելով երկու ֆեդերացիաների նախագահներին, նշել է, որ Հայաստանը պատվով է հյուրընկալում ծանրամարտի Եվրոպայի 2023 թ. առաջնությունը և շնորհակալ է Ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաներին՝ այդ գաղափարին աջակցելու համար: «Հայաստանը ներդրել է առավելագույն ջանքերը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույնս անցկացնելու համար: Ակնկալում ենք, որ այն կլինի տպավորիչ և հաջողություններով լի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալելու նաև ծանրամարտի աշխարհի 2024 թ. առաջնությունը:

Ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաների նախագահները շնորհակալություն են հայտնել ՀՀ Կառավարությանը՝ Վարչապետի գլխավորությամբ, Օլիմպիական կոմիտեին, կազմկոմիտեին կատարված մեծածավալ աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ առաջնությունը կանցկացվի բարձր մակարդակով: Մուհամմեդ Ջալուդը նկատել է, որ հաշվի առնելով կուտակված փորձը՝ Հայաստանն իրապես կարող է հավակնել ծանրամարտի աշխարհի 2024 թ. առաջնությունը հյուրընկալելուն, ինչի համար արդեն հայտ է ներկայացրել: Իսկ Անտոնիո Կոնֆլիտտին արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը և ընդգծել նախապատրաստական աշխատանքների բարձր մակարդակը:

Զրուցակիցները քննարկել են ծանրամարտի և ընդհանրապես սպորտի մասսայականացմանն առնչվող հարցեր: Վարչապետն ընդգծել է, որ սպորտի զարգացումը, առողջ ապրելակերպի խրախուսումը ռազմավարական ուղղություն է Հայաստանի կառավարության համար, և այդ ուղղությամբ իրականացվում են թիրախային բարեփոխումներ ու ծրագրեր:

Մտքեր են փոխանակվել փոխգործակցության խորացման հեռանկարների շուրջ:

Related posts

Լավ ապրելը ՀՀ-ում պետք է լինի սովորական, ինչի համար Կառավարությունը մեծ ներդրումներ է կատարում. Նիկոլ Փաշինյան

ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում. ՄԻՊ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում վթարի հետևանքով մարզային ԲԿ-ներում հոսպիտալացվել է 10 տուժած. երկուսի վիճակը կայուն ծանր է. ԱՆ