Շահագրգռված ենք առավել սերտ կապեր տեսնել երկու երկրների խորհրդարանների միջև. Արմեն Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահի հետ

Պետական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ:

Իր և Սենատի անունից բարի գալուստ մաղթելով Հայաստանի նախագահին՝ Մարիա Կազելատին ևս մեկ անգամ գոհունակությամբ է նշել այն ամուր կապերը, որ գոյություն ունեն երկու երկրների միջև: Նա ասել է, որ 2018թ. Իտալիայի նախագահի պետական այցը Հայաստան և այսօր Հայաստանի նախագահի պետական այցը Իտալիա մեծ խթան են երկու երկրների համագործակցության համար: Մշակույթը համարելով երկկողմ փոխգործակցության էական բաղադրիչ՝ նա կարևորել է Երևանում 2018թ. բացված՝ Իտալիայի Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի գործունեությունը:

Համաձայնելով, որ երկու երկրների հարաբերությունների առանցքում պատմական և մշակութային կապերն են, Հայաստանի նախագահը ասել է, որ մեր ժողովուրդները հազարամյակների պատմական առնչություններ ունեն, իսկ վերջին երկու հազար տարիներին՝ նաև համատեղ քրիստոնեական պատմություն: «Մենք ժողովուրդներ ենք, որոնք մշակույթը, գիտելիքը, արվեստը միշտ շատ բարձր են գնահատել»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Հայաստանի նախագահը կարևորել է իր օտարերկրյա այցերի շրջանակում օրենսդիր մարմինների ղեկավարների հետ հանդիպումները՝ նկատի ունենալով խորհրդարանների կարևոր դերը միջպետական հարաբերությունների զարգացման, փոխվստահության և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորման գործում: «Շահագրգռված ենք առավել սերտ կապեր տեսնել երկու երկրների խորհրդարանների միջև, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններում, միջխորհրդարանական վեհաժողովների շրջանակներում»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Զրուցակիցները խոսել են նաև տարածաշրջանայի զարգացումների և խնդիրների մասին: Նախագահ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է մարդասիրական խնդիրներին, այդ համատեքստում նշել, որ, չնայած միջազգային հանրության ջանքերին և կոչերին, Ադրբեջանն առ այսօր շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ուղղություններին և հեռանկարներին:

Related posts

Իրանի օրենսդիրները խնդրում են Խամենեիին թույլատրել ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մշակումը. Asriran

Ֆիզիկական անձինք այսուհետ կարող են հայտարարագիրը ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով

207 հազարից ավելի ընտրող, 220 ընտրատեղամաս` Շիրակի մարզում