Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որն իր արձակուրդի մի մասն անցկացնում է արտերկրում, Լոնդոնում հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական նախարար Ուենդի Մորթնի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների միջև համագործակցության զարգացման ու խորացման հեռանկարներին: Նախարար Ուենդի Մորթնը տեղեկացրել է, որ հաջորդ տարի Միացյալ Թագավորությունը նախատեսում է հյուրընկալել Կլիմայի փոփոխության 26-րդ գագաթնաժողովը (COP26), որին ակնկալվում է նաև Հայաստանի մասնակցությունը: Նախարարը հետաքրքրվել է կլիմայի փոփոխության մարտահրավերների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներով, ինչին ի պատասխան՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ ինքն անձամբ «կանաչ» մոտեցման կողմնակից է և մշտապես կարևորել ու կարևորում է բնապահպանությունը: Հայաստանի նախագահն այդ համատեքստում խոսել է Ծիծեռնակաբերդում, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» հիմնելու իր գաղափարի մասին, որն ուղղված է լինելու նաև Երևանի կանաչ տարածքների ավելացմանը:

Նախագահ Սարգսյանը ներկայացրել է նաև նախագահական մի շարք այլ նախաձեռնություններ: Մասնավորապես անդրադառնալով ATOM (Advanced Tomorrow)-ին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում գիտության և նոր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված այս նախաձեռնության շրջանակում մեծ ուշադրություն է դարձվելու հատկապես արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտների: Տեղեկացնելով, որ աշխարհի մի շարք խոշոր ընկերությունների, ինչպիսիք են IBM-ը, Siemens-ը, Thales-ը, Dassault-ը, Safran-ը, «Լեոնարդոն», ինչպես նաև՝ հայտնի համալսարանների ու գիտական կենտրոնների հետ արդեն նախաձեռնության շրջանակում համագործակցելու նախնական համաձայնություն կա, նախագահ Սարգսյանը նշել է, որ ուրախ կլինեն համագործակցել նաև բրիտանական ընկերությունների, համալսարանների և գիտական կենտրոնների հետ:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանում հաջորդ տարի նախատեսվող STARMUS 6-րդ միջազգային փառատոնին, ամենամյա «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին և նախարար Մորթնին հրավիրել մասնակցելու այդ միջոցառումներին։

Related posts

ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. Մասադիկով

Թրամփը հայտարարել է, որ շուտով Հորմուզի նեղուցը կհռչակի ԱՄՆ տարածք

Ուժեղ քամին Երևանում, Գեղարքունիքում և Կոտայքում վնասներ է պատճառել