Յուրաքանչյուրից՝ մինչև 400 հազար դրամ. կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու փաստերով քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. որպես մեղադրյալ է ներգրավվել շուրջ 3 տասնյակ անձ:

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների և դրանց հիման վրա նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված ապացուցողական և այլ վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու մի քանի տասնյակ դեպքեր:

Մասնավորապես՝ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչ Ս. Կ.-ն, օգտագործելով ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունը, իր մտերիմ Ս. Պ.-ի օժանդակությամբ, վարորդական վկայական ստանալու համար դիմած բազմաթիվ քաղաքացիներից ստացել է տարբեր չափերի կաշառք: Ընդ որում՝ կաշառքի գումարի չափը յուրաքանչյուր անձի դեպքում կազմել է մինչև 400.000 ՀՀ դրամ:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թ. ընթացքում, Ս. Պ.-ի օժանդակությամբ, ՃՈ ավագ տեսուչ Ս. Կ.-ն, վարորդական վկայական ստանալու համար դիմած շուրջ 30 քաղաքացիներից ընդունելով ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ, կազմել է կեղծ փաստաթղթեր առ այն, որ թեկնածուները հաջողությամբ հաղթահարել են քննությունները: Որոշ դեպքերում էլ թեկնածուներն առհասարակ քննության չեն մասնակցել, սակայն Ս. Կ.-ն դարձյալ կազմել է քննությունները հանձնելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել վարորդական վկայական տրամադրելու համար: Դրա դիմաց ՃՈ տեսուչը նշված բոլոր քաղաքացիներից 2023 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ ստացել է 6,5 միլիոն ՀՀ դրամ կաշառք:

Արդյունքում՝ տեսական և գործնական գիտելիքներ չունեցող բազմաթիվ քաղաքացիներ ապօրինի ստացել են վարորդական վկայականներ և շահագործել տրանսպորտային միջոցներ՝ այդ կերպ վտանգելով ճանապարհային երթևեկությունը:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՃՈ ավագ տեսուչ Ս. Կ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով 29 դրվագ, 441-րդ հոդվածի 1-ին մասով 15 դրվագ և 445-րդ հոդվածի 1-ին մասով 15 դրվագ, իսկ ՃՈ տեսուչին օժանդակած Ս. Պ.-ին՝ 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով 29 դրվագ:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում