Մոսկվայի կենտրոնում երեք օրով կսահմանափակվի բջջային ինտերնետի հասանելիությունը՝ գագաթնաժողովների պատճառով

Հոկտեմբերի 27-ից 29-ը Մոսկվայի Երրորդ տրանսպորտային օղակի սահմաններում Ռուսաստանի իշխանությունները կսահմանափակեն բջջային ինտերնետի հասանելիությունը։ Այս մասին հոկտեմբերի 26-ի երեկոյան հայտնել է Ռուսաստանի թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը։

Այդ օրերին Ռուսաստանի մայրաքաղաքում կանցկացվեն Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովը և «Ռուսաստան–Աֆրիկա» գագաթնաժողովը։ Առաջինը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին, իսկ երկրորդը՝ հոկտեմբերի 28-29-ը։

Նախարարության տվյալներով՝ կապի խափանումները կարող են սկսվել Մոսկվայի ժամանակով ժամը 11:30-ից՝ միջոցառումների առաջին երկու օրերին, իսկ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 09:30-ից, և շարունակվել օրվա ընթացքում։

Սահմանափակումների դեպքում հասանելի կմնան այսպես կոչված «սպիտակ ցուցակում» ներառված կայքերը, ձայնային կապը և Wi-Fi-ը։

The Moscow Times-ի հիշեցմամբ՝ մարտին Մոսկվայի կենտրոնում բջջային ինտերնետը չէր աշխատում ավելի քան երկու շաբաթ։ Այդ ժամանակ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սահմանափակումները բացատրել էր «անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ»։ «Коммерсантъ» թերթի տվյալներով՝ Ռուսաստանի մայրաքաղաքում ինտերնետի անջատման հետևանքով վնասը կազմել էր օրական շուրջ 1 մլրդ ռուբլի։

Մոսկվա կժամանեն աֆրիկյան գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչները, այդ թվում՝ նախագահներ

Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովին կմասնակցեն Իրանի և Հասարակածային Գվինեայի նախագահները, Կատարի էմիրը և Լիբիայի նախագահական խորհրդի ղեկավարը։ Նախատեսվում է նաև Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի մասնակցությունը տեսակապի միջոցով։

«Ռուսաստան–Աֆրիկա» գագաթնաժողովին կմասնակցեն շուրջ 50 աֆրիկյան երկրների ներկայացուցիչներ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը նախատեսում է անցկացնել մոտ 20 երկկողմ հանդիպում այդ երկրների ղեկավարների հետ։ Հանդիպումների մեծ մասը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 29-ին՝ Կրեմլի մեծ պալատում։

Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները Մոսկվայում ինտերնետի անջատումները բացատրել էին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից պաշտպանվելու անհրաժեշտությամբ։

Մոսկվայի մարզի վրա առավել լայնածավալ հարձակումներից մեկը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին։ Հարձակման հետևանքով խաթարվել էր Մոսկվայի մարզի բոլոր օդանավակայանների աշխատանքը։

Տարհանում էր իրականացվել նաև «Մոսկվա Սիթի» բիզնես համալիրի բարձրահարկ շենքերից մեկում, որտեղ տեղակայված են, մասնավորապես, Ռուսաստանի թվային զարգացման, տնտեսական զարգացման և արդյունաբերության ու առևտրի նախարարությունների, ինչպես նաև Ստանդարտացման դաշնային գործակալության գրասենյակները։

Related posts

3 անձ է ձերբակալվել կաշառքի գործով, այդ թվում՝ ՊՆ զինկոմիսարիատի պաշտոնատար անձ

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

Հայաստան է ժամանել Իսպանիայի Սոֆիա թագուհին