ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են բժշկական կենտրոն՝ տեսակցելու կալանավորված և այնտեղ տեղափոխված Լիանա Հարությունյանին և նրա երեխային

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 15-ին այց են իրականացրել բժշկական կենտրոն՝ կալանավորված և այնտեղ տեղափոխված Լիանա Հարությունյանին և նրա երեխային տեսակցելու նպատակով։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ մասնագիտությամբ բժիշկն ու հոգեբանը, առանձնազրույց են ունեցել Լիանա Հարությունյանի և բժշկական անձնակազմի հետ։

Հանդիպման մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման՝ ելնելով անձնական տվյալների պաշտպանության սկզբունքներից և գործընթացի զգայուն բնույթից։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումն ու անհրաժեշտության դեպքում՝ արձագանքման համապատասխան գործողությունների ձեռնարկումը:

Նախօրեին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այցելել էր «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»՝ տեսակցելու այնտեղ գտնվող 8 ամսական փոքրիկին, որի մայրն օրերս դատարանի որոշմամբ կալանավորվել է` ավելի մեղմ խափանման միջոցի պայմանները խախտելու պատճառաբանությամբ: Նախարարը նշել որ, որ երեխան լավ է, գտնվում է մոր խնամքի և բժիշկների հոգածության ներքո:

Ավելի վաղ դեպքի հետ կապված ՀՀ օմբուդսմենը հայտարարություն էր տարածել, որ քաղաքացու և երեխաների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը նրա անմիջական ուշադրության կենտրոնում են, և որ ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ արդեն իսկ ձեռնարկվել և ձեռնարկվում են համապատասխան քայլեր անձանց իրավունքների երաշխավորման, այդ թվում` երեխայի խնամքի տրամադրման հարցի առնչությամբ:

Related posts

Ինչ պատկեր է մի շարք բնակավայրերում. ընտրությունների նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերից

Բայանդուրում, Ախուրիկում, Մուծքում, Ճարճակիսում և Գառնառիճում քվեարկության նախնական արդյունքները