Մեր երկրում փաստացի լիարժեք պատվաստվածների թիվը կազմում է 7 տոկոս. Արսեն Թորոսյան

Մեր երկրում այս պահին փաստացի լիարժեք պատվաստվածների թիվը կազմում է 7 տոկոս, իսկ առնվազն մեկ դեղաչափ ստացել է բնակչության մոտ 16 տոկոսը: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:

Թորոսյանի խոսքով՝ դա շատ հեռու է ցանկալի ծածկույթից, որպեսզի մենք համավարակը համարենք հաղթահարված:

«Բարեբախտաբար, մեր պետությունն ամբողջովին անվճար ապահովում է COVID-19-ի պատվաստանյութերի հասանելիությունն այնպես, ինչպես տարիներ շարունակ ապահովել է այլ պատվաստանյութերինը: Ավելին, մեր քաղաքացիները կարող են ընտրություն կատարել մի քանի պատվաստանյութերի միջև: Այժմ պատվաստանյութերի բարձր ցուցանիշ ունենալու պարագայում մենք իրական շանս ունենք վերադառնալու մեր նախկին նորմալ կյանքին, բացի այդ, պատվաստանյութը, ըստ էության, միակ զենքն է, որով հնարավոր է պայքարել այս հիվանդության ահագնացող դեպքերի և մահերի դեմ: Ըստ վիճակագրության՝ այս պահին աշխարհի բնակչության մոտ 38 տոկոսը լիարժեք պատվաստված է: Շատ երկրներում պատվաստվել է բնակչության 70 և ավելի տոկոսը»,- ասաց նա:

Արսեն Թորոսյանը կոչ արեց պատվաստվել և խնայել բուժաշխատողներին:

«Ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, որ բացի կորոնավիրուսից, կան նաև այլ հիվանդություններ, որոնք պետք է բուժել, կանխարգելել և բժշկական անձնակազմի ներուժն ուղղել նաև այնտեղ: Տեսնելով մահացության և կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշները՝ յուրաքանչյուրս պետք է մեզ ուղղենք հետևյալ հարցը՝ արդյոք միֆերն ու ապատեղեկատվությունը, կեղծիքն ու շահարկումն ավելի ծանրակշի՞ռ են, քան մարդկային կյանքերը. կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է, որ ոչ»,- նշեց Թորոսյանը:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից