Մեծ Բրիտանիայի նոր թագավորը Կարլ Երրորդն է

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահից հետո բրիտանական թագն անմիջապես և առանց արարողության փոխանցվել է նրա ժառանգին՝ Ուելսի արդեն նախկին արքայազն Չառլզին:

Սակայն կան մի քանի գործնական և ավանդական քայլեր, որոնց միջով Չառլզը պետք է անցնի թագադրվելու համար:

Նոր թագավորը կոչվելու է Կարլ III։ Նա պետք է ընտրեր չորս անուններից որևէ մեկը՝ Կարլ, Ֆիլիպ, Արթուր, Գեորգ:

Մոր մահից հետո առաջիկա օրերին Չառլզը պաշտոնապես թագավոր կհռչակվի։ Արարողությունը տեղի է ունենալու Լոնդոնի Սենթ Ջեյմսի պալատում գահաժառանգության խորհրդի առջև, որը ներառում է միապետի Գաղտնի խորհրդի անդամներին՝ ներկա և նախկին մի խումբ բարձրաստիճան պատգամավորներ, ազնվականության ներկայացուցիչներ և որոշ բարձրաստիճան պետական ​​ծառայողների, Համագործակցության երկրներում Մեծ Բրիտանիայի դեսպանների ու Լոնդոնի քաղաքապետին: Թագավորը սովորաբար չի մասնակցում այդ հանդիպմանը։

Գաղտնի խորհրդի լորդ նախագահը հայտարարելու է թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան մասին և բարձրաձայն կարդալու է հռչակագիրը: Ավանդաբար այն բաղկացած է աղոթքներից ու հավատարմության երդումից, նախորդ միապետին գովաբանությունից և նորին հավատարմության հայտարարություններից: Հռչակագիրը ստորագրում են մի քանի բարձրաստիճան դեմքեր, այդ թվում՝ վարչապետը, Քենթերբերիի արքեպիսկոպոսը և լորդ կանցլերը։

Գահաժառանգության խորհուրդը կրկին հավաքելու է հաջորդ օրը՝ այս անգամ թագավորի և Գաղտնի խորհրդի անդամների մասնակցությամբ:

Բրիտանական միապետները կառավարումից առաջ չեն երդվում, ինչպես մյուս պետությունների ղեկավարները: Բայց նոր թագավորը հայտարարություն է անում, որը, համաձայն ավանդույթի, ձևավորվել է 18-րդ դարում: Թագավորը երդվում է պաշտպանել Շոտլանդիայի եկեղեցին։

Շեփորները հնչելուց հետո Սենթ Ջեյմսի պալատի պատշգամբում, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնում ՝ Բուքինգհեմյան պալատի մոտ, Կարլը հայտարարվելու է նոր թագավոր: Այդ հայտարարությունը հնչելու է նաև Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքներում՝ Էդինբուրգում, Քարդիֆում և Բելֆասթում: Այնուհետև Լոնդոնի Հայդ պարկում, Թաուերում և Ռազմանավերում կտրվի հրետանային հրավառություն:

Գահի իրավահաջորդության խորհրդանշական գագաթնակետը լինելու է թագադրման արարողությունը, երբ Չառլզը պաշտոնապես ստանալու է թագը։

Related posts

Բելգորոդում հրթիռակոծության հետևանքով շենք է փլուզվել. կան զոհեր

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Շոյգուն ազատվել է պաշտոնից. Պուտինը ՊՆ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը