Մաքսային հսկողության գոտում մասնավորի կողմից գործունեության ծավալումը պետք է իրականացվի մրցութային սկզբունքով. նախագիծ

Մաքսային հսկողության գոտում որևէ գործունեության ծավալումը մասնավորի կողմից պետք է իրականացվի մրցութային սկզբունքով: Այդ մասին նախագիծն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Գործող կարգավորումը հետևյալն է. մաքսային հսկողության գոտում որևէ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է մաքսային մարմնի թույլտվությունը, բայց թե պետության և համայնքին պատկանող տարածքում ինչպե՞ս պետք է այդ թույլտվությունը կայացվի, ի՞նչ սկզբունքների հիման վրա, կարգավորված չէ: Եվ մենք ուզում ենք մաքսային կարգավորման մասին այս նախագծով այդ կարգավորումները մտցնել և ամրագրել մի սկզբունք, որ պետությանը և համայնքին պատկանող տարածքում՝ մաքսային հսկողություն գոտում, հնարավոր է գործունեություն իրականացնել մրցութային կարգով»,- ասաց Բադասյանը:

Երկրորդ փոփոխությունը, ըստ ՊԵԿ նախագահի, վերաբերում է անմաքս առևտրի սրահների գործունեությանը: Այստեղ ևս արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ, օրինակ՝ պարզ չէ, թե ի՛նչ սկզբունքով է որոշվել, որ տվյալ մաքսակետում հենց այդ ընկերությունը, տնտեսվարողը պետք է անմաքս առևտրով զբաղվի:

«Հիմա կարգավորում ենք նախաորակավորման հետ կապված հարաբերությունները, որպեսզի բոլոր ընկերությունները լինեն նախաորակավորված, և դրա արդյունքում կազմակերպվի մրցույթ ՊԵԿ-ի կողմից համապատասխան տարածքներ զբաղեցնելու համար»,- ասաց նա:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց՝ խոսքը դյութի ֆրիների մասի՞ն է: ՊԵԿ նախագահը արձագանքեց՝ ոչ միայն դյութի ֆրիների, այլև, օրինակ՝ առևտրային բանկերի:

«Օրինակ՝ դյութի ֆրիների միջազգային փորձն ուսումնասիրելով՝ հասկացել ենք, որ մեզ մոտ բազմաթիվ ռիսկեր կան, օրինակ՝ էլեկտրոնային համակարգով չի փոխանակվում մաքսային մարմնի հետ, թե ի՛նչ քանակի գնումներ են կատարվում: Օրինակ՝ մեկ անձնագրով կարող է այնպիսի քանակով գնումներ կատարվել, որն ակնհայտ առևտրային նպատակ է հետապնդում, հետո այդ ապրանքները հայտնվում են list.am և այլ կայքերում»,- ասաց նա:

Related posts

Նախնական պայմանավորվածություն կա ադրբեջանական կողմի հետ անհայտ կորածների համատեղ որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի