Մայր Աթոռը ներկայացրել է, թե ինչու վերջին պահին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի գնացել իրավապահների հետ

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել այն պահին, երբ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատրաստվում էր իրեն ձերբակալելու եկած իրավապահների հետ հեռանալ Մայր Աթոռի տարածքից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մայր Աթոռի տարածքում գտնվող լրագրողների հետ զրույցում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նշեց, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը որոշում էր կայացրել, որ գնալու է իրավապահ մարմինների հետ և գնում էր, որպեսզի նստի նրանց մեքենան, սակայն այդ պահին տարածքում հավաքված քաղաքացիները թույլ չեն տվել, որ Միքայել սրբազանը նստի ավտոմեքենան։ «Միքայել սրբազանը իր ազնվական որոշումը կայացրեց, որ ինքը պետք է գնա, որովհետև ինքը հանցագործ չէ, և կգնա, եթե կարող են հաստատել իր հանցագործությունները, այդ պարագայում այլևս ուրիշ գործողություններ կլինեն։ Ուզում եմ ասել, որ Միքայել սրբազանը մոտեցավ ավտոմեքենային, և ժողովուրդը նրան թույլ չտվեց նստել այդ ավտոմեքենան»,- պատմեց նա։ Նա նաև ներկայացրեց, որ վաղուց ծրագրված է եղել, որ հունիսի 27-ին Մայր Աթոռում պետք է անցկացվեր Հայ Առաքելական եկեղեցու  բոլոր թեմերի քահանայական հավաքը՝ հավելելով, որ տարիներ ի վեր այդ հավաքը ղեկավարում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Հունիսի 27-ին իրավապահ մարմինները մտել են Մայր Աթոռի տարածք՝ ձերբակալելու Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, որի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել այն հայտարարության համար, որ Հայաստանում պետք է ռազմական հեղաշրջում իրականացվի։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարել էր, որ իրավապահները եկել են իր հետևից, և ինքը պատրաստ է գնալ նրանց հետ։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ևս հայտարարել էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը իր փաստաբանի ուղեկցությամբ կգնա իրավապահների հետ, իսկ մյուս հոգևորականները վեհարանում ժողով կանցկացնեն ու կորոշեն իրենց հետագա անելիքները։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատրաստվում էր գնալ իրավապահների հետ, սակայն այն պահին, երբ նա պատրաստվում էր նստել ավտոմեքենան, հրմշտոց սկսվեց, որից հետո նա վերադարձավ և շարժվեց Վեհարանի ուղղությամբ։ Ավելի ուշ հոգևորականների մեկը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ինքնազգացողությունը վատացել է։

Related posts

ԱԱԾ-ն՝ չթաքնվելու մասին կոչով. իրավիճակը Մայր Աթոռում դեռ լարված է

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին. կա վեց տուժած

Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ