ՄԱԿ-ը շնորհակալություն է հայտնել Հայաստանին խաղաղության պահպանման գործում ունեցած ներդրման համար

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ Խաղաղությանն ուղղված գործողությունների գծով տեղակալ Ժան-Պիեռ Լակրուան իր երախտագիտությունն է հայտնել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի ցուցաբերած վճռական աջակցության և ՄԱԿ-ի դրոշի ներքո տեղակայված ռազմական և ոստիկանական անձնակազմի ծառայության և անձնազոհության համար։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրությունից, ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից Հայաստանը ներկայումս 79-րդն է ՄԱԿ-ի խաղաղությանն ուղղված գործողություններին ամենամեծ թվով ռազմական անձնակազմի տրամադրման առումով. ներառում է 32 խաղաղապահների, այդ թվում՝ երեք կին ծառայողների, որոնք ծառայում են Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) կազմում։

Առաջին հայ խաղաղապահը Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) կազմում տեղակայվել է 2012 թ. փետրվարին։ 2014 թվականի նոյեմբերից ի վեր, երբ Լիբանան ժամանեց Հայաստանից առաջին զորախումբը՝ բաղկացած 33 զինվորականից, Հայաստանը մշտական ներդրում ունի առաքելության մեջ:

Հայաստանը նախկինում մի քանի տարի շարունակ նաև սահմանափակ թվով խաղաղապահներ է տեղակայել ՄԱԿ-ի հովանու ներքո Մալիում Բազմազգ միացյալ կայունացման առաքելության (MINUSMA) կազմում։

«Հայ տղամարդիկ և կանայք ծառայել են ՄԱԿ-ի խաղաղապահ բազմաբնույթ միջավայրերում և ցուցաբերել արհեստավարժության և նվիրվածության բարձր մակարդակ: Խորապես երախտապարտ ենք տևական խաղաղության և անվտանգության գործում նրանց ներդրման համար», – նշել է պարոն Լակրուան։

Հայաստանը նաև հավանություն է տվել Գլխավոր քարտուղարի «Գործողություն հանուն խաղաղության պահպանման» (A4P) նախաձեռնությանը, որի նպատակն է ամրապնդել խաղաղապահությունը ավելի նպատակային մանդատների, ավելի ուժեղ և անվտանգ գործողությունների, ավելի հագեցած և պատրաստված ուժերի և քաղաքական լուծումների համար աջակցություն հավաքագրելու միջոցով։

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում