ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազներն անդրադարձել են հրադադարի խախտումներին արձագանքման պայմանավորվածություններին

Այսօր Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ, որը երրորդն էր ընթացիկ տարվա ընթացքում: Քննարկվել են ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև ձևավորված ամուր գործընկերային հարաբերությունների զարգացմանը, քրեական գործերով իրավական փոխօգնության, հանձնման ոլորտներում, ինչպես նաև միջազգային հանցավորության դեմ պայքարում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանը վերաբերող հարցեր:

Կողմերն արձանագրել են երկկողմ կապերի սերտացմանն ուղղված հատկապես վերջին շրջանում արձանագրվող դրական միտումները, որոնք համարժեք են երկու երկրների ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների ոգուն: Արձանագրվել է, որ երկու կառույցների միջև փոխհարաբերութունների բնույթն այնպիսին է, որ թույլ է տալիս փոխադարձ վստահության և կառուցողականության հիմքի վրա հնարավորինս արագ համատեղ լուծելու միջազգային համաձայնագրերով կարգավորման ոչ միշտ ենթակա խնդիրները:

Գլխավոր դատախազներն անդրադարձել են ՀՀ տարածքում սահմանապահ, իսկ Արցախի Հանրապետությունում խաղաղարար առաքելություն իրականացնող ռուսական զինվորական անձնակազմերի քրեաիրավական պաշտպանության շրջանակում ծառայություն իրականացնող ՌԴ դատախազության և քննչական մարմնի աշխատակիցների և Հայաստանի, Արցախի իրավապահ մարմինների միջև գործակցության մեխանիզմներին, հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի բացառման կամ տեղի ունեցած նման դեպքերի օպերատիվ արձանագրման և արձագանքման կապակցությամբ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը: ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է հատկապես 2020թ. տեղի ունեցած Արցախյան պատերազմից հետո առաջացած հումանիտար խնդիրների լուծմանը, ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած և զոհված զինծառայողներին հայտնաբերելու, նրանց վերաբերյալ տվյալների ճշգրտման գործընթացում ՌԴ գլխավոր դատախազության և անձամբ Իգոր Կրասնովի շահագրգիռ և սրտացավ ներգրավվածությունը: Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաև միջազգային իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն Ադրբեջանում պահվող, գերեվարված հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց վերադարձման, նրանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը:

Արթուր Դավթյանն ընդգծել է, որ հայտարարության 8-րդ կետի լիարժեք կատարումը և հումանիտար բնույթի խնդիրների լուծումը կարող են բավարար երաշխիք դառնալ տարածաշրջանում խաղաղության, տնտեսական և այլ ոլորտներում արդյունավետ և անվտանգ համագործակցության համար: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով ռուսական կողմի միջնորդական ջանքերով շարունակել պարբերական շփումները բարձրացված խնդիրների լուծումները գտնելու ուղղությամբ: Հանդիպման արդյունքում Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների 2021-2025թթ. համագործակցության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ հուշագիր:

Այդ առաջնահերթություններից են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունները, ահաբեկչությունը և ծայրահեղականությունը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացումը, արտերկրից ակտիվների վերադարձը, զենքի, պայթուցիկ նյութերի և սարքերի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը, կոռուպցիան, նացիզմի, նեոնացիզմի հերոսացման դեմ պայքարը և այլն:

Related posts

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ. Կիրանց գյուղ մեկնած զինծառայողներն ուղերձով դիմել են հանրությանը

Զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատականի կարժանանան. ՊՆ

Ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյանի ուղերձը