ՀՀ վարչապետի գլխավորությամբ Աշտարակում քննարկվել է Ակադեմիական քաղաքի կոնցեպտը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, որտեղ քննարկվել է Ակադեմիական քաղաքի կոնցեպտը:

Կառավարության ղեկավարին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և շահագրգիռ գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ:

«Նախատեսվում է Ակադեմիական քաղաքը տեղակայել ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների և Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտների և դրանց հարակից այլ տարածքներում:

Ակադեմիական քաղաքում տեղակայվելու է մինչև 8 բուհ՝ իր բոլոր ենթակառուցվածքներով: Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը, ըստ որի՝ Ակադեմիական քաղաքում ստեղծվելու են ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, մարզական ենթակառուցվածքներ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 հազար մարդու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վարչապետ Փաշինյանը կարևորել է գործողությունների ծրագրի մշակումը՝ հստակ ժամանակացույցով: Կառավարության ղեկավարն ընդգծել է քաղաքն անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով ապահովելու կարևորությունը, այդ թվում՝ տրանսպորտային ցանցով: Վարչապետի խոսքով՝ Ակադեմիական քաղաքի հիմնումը կնպաստի նաև Արագածոտնի և հարակից մարզերի զարգացմանը, կրթական, հետազոտական կլաստերների ձևավորմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ծրագիրը կառավարության առաջնահերթությունների թվում է, և այն արդյունավետ կյանքի կոչելու համատեքստում պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից