ՀՀ-ում վիճակագրությունը մտահոգիչ է. տարեկան կտրվածքով ամեն օր ՃՏՊ-ի զոհ է դառնում միջինը 1 մարդ

Ըստ վիճակագրության՝ համաշխարհային մասշտաբով ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում տարեկան գրանցվում է 1,2 մլն մահվան դեպք, իսկ վրաերթերի թիվը հասնում է 50 միլիոնի: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ տեղեկացնելով, որ լսումների արդյունքում հնարավոր է քայլեր նախաձեռնվեն ոլորտի ռազմավարություն ունենալու շուրջ:

«Հայաստանում վիճակագրությունը շարունակում է մնալ մտահոգիչ: Տարեկան կտրվածքով յուրաքանչյուր օր ՃՏՊ-ների զոհ է դառնում միջինը 1 մարդ, վիրավորվում՝ 16 մարդ:

Չնայած ենթակառուցվածքների և երթևեկության կառավարման բարելավմանն ուղղված միջոցառումներին՝ արդյունքները բավարար չեն, և մեզ դեռևս չի հաջողվել առավելագույնս չեզոքացնել բացասական հետևանքները»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ըստ նախագահողի՝ ՃՏՊ-ներին նպաստող գործոնները տարբեր են՝ ոլորտի կառավարման և ենթակառուցվածքային խնդիրներ, տրանսպորտային միջոցների թվի աննախադեպ աճ, երթևեկության մասնակիցների ոչ բանիմաց լինելը, երթևեկության կանոնները չպահպանելը և այլն:

Նշենք, որ խորհրդարանական լսումներին մասնակցում են ՀՀ ոստիկանապետը, ճանապարհային ոստիկանության պատասխանատուները, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և մի շարք այլ պաշտոնյաներ:

Related posts

Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել