ՀՀ-ի պատմության մեջ երբեք չի եղել ամիս, երբ պետբյուջե մուտքագրվի 295 մլրդ դրամ. Փաշինյան

Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ պարտքին՝ ընդգծելով, որ Հայաստանն իրականում թեթև պարտք ունեցող երկրների շարքին է դասվում:

«Հանրության համար հետաքրքիր և զգայուն թեմա է, մարդիկ ասում են՝ վա՛յ, 10 մլրդ դոլար պարտք ունենք, բայց մենք պետք է մեր քաղաքացիներին ի ցույց դնենք, որ մեր ՀՆԱ-ի համեմատ մենք շատ թեթև պարտք ունենք: Ըստ էության, 46 տոկոսով Հայաստանը համարվում է վերստին թեթև պարտքի բեռ ունեցող երկիր, այսինքն՝ էս տրամաբանությամբ մենք պետք է նայենք, որովհետև երկրները դասակարգվում են որպես թեթև, միջին և մեծ պարտք ունեցող: Հայաստանն իր տնտեսական աճի շնորհիվ թեթև պարտք ունեցող է»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ խնդիրն իրականում պարտք ունենալը չէ, այլ այն, թե պարտքը ինչպես է օգտագործվում տնտեսական աճի պոտենցիալը մեծացնելու համար: Իսկ հայկական կողմը պարտքն օգտագործում է կապիտալ ներդրումներ իրագործելու համար, նոր միջոցներ գեներացնելու նպատակով:

Թեմայի շրջանակում վարչապետն անդրադարձավ 2023-ի բուջեին՝ տեղեկացնելով, որ 2023-ի ապրիլին գրանցվել է շահութահարկի պատմական բացարձակ ցուցանիշ:

«Ապրիլին մենք ունենք պետական բյուջեի հավաքագրումների, հարկային եկամուտների բացառիկ ցուցանիշ: Այսօր ապրիլի 27-ն է, և դեռ մի քանի օր էլ այս ցուցանիշը կբարելավվի: Երեկվա դրությամբ արդեն հավաքագրվել է 295 միլիարդ դրամ հարկային եկամուտ: ՀՀ-ի պատմության մեջ երբեք չի եղել ամիս, երբ ՀՀ պետական բյուջե մուտքագրվի 295 մլրդ դրամ: Ասենք, օրինակ, 2022-ին, որը նույնպես բավականին հաջող տարի էր, հավաքագրել էինք 231 միլիարդ դրամ, իսկ 2023-ի ապրիլին արդեն իսկ երեկվա դրությամբ հավաքագրել ենք 295 մլրդ դրամ, որը բացարձակապես ռեկորդ է բոլոր տարիների բոլոր ամիսների նկատմամբ:

Ապրիլի 1-26-ը հարկ վճարողները վճարել են 158.1 մլրդ դրամ շահութահարկ, որը նույնպես պատմական ռեկորդ է; Համեմատության համար ասեմ, որ 2020-ի ապրիլին վճարվել է 98 մլրդ դրամ շահութահարկ: Այսինքն՝ այս տարվա ցուցանիշը՝ դեռ չավարտված ամսով, նախորդ տարվա համեմատ ավելի է 59,7 մլրդ դրամով»,- ասաց վարչապետը:

Related posts

ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է ՌԴ

Բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարունակել զարգացնել ԵԱՏՄ-ն. Պեսկով