ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը շարունակում է մշտադիտարկել էբոլայի հիվանդության համաճարակաբանական իրավիճակը աշխարհում։
Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն (2026 թ. հուլիսի 21-ի տվյալներով)
• 2536 հաստատված դեպք
• 1033 հաստատված մահ
Ուգանդա (2026 թ. հուլիսի 21-ի տվյալներով)
• 20 հաստատված դեպք
• 2 հաստատված մահ
• 1 հավանական դեպք
• 1 հավանական մահ
Ֆրանսիա (2026 թ. հունիսի 24-ի տվյալներով)
• 1 հաստատված դեպք
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ էբոլայի հիվանդության բռնկումը շարունակում է ակտիվ մնալ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում։ Երկրում շարունակվում են դեպքերի հայտնաբերումը, կոնտակտավորների հսկողությունը և հակահամաճարակային միջոցառումների իրականացումը։
Ներկայիս բռնկման հարուցիչը՝ Բունդիբուգյո էբոլավիրուսը, դեռևս չունի լայն կիրառման համար հաստատված պատվաստանյութ, ուստի զանգվածային պատվաստումներ չեն իրականացվում։ Միաժամանակ շարունակվում են թեկնածու պատվաստանյութերի և բուժման նոր մեթոդների արդյունավետության գնահատման աշխատանքները։
Ուգանդայում էբոլայի հիվանդության նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել։ Վերջին հիվանդի առողջացումից և բուժհաստատությունից դուրս գրվելուց հետո երկիրը շարունակում է 42-օրյա ուժեղացված համաճարակաբանական հսկողությունը:
Հայաստանի Հանրապետության համար էբոլայի հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։ Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի և բռնկում ունեցող երկրների միջև կանոնավոր ու ինտենսիվ ուղիղ հաղորդակցություններ չկան, ինչպես նաև այն հանգամանքով, որ էբոլայի հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով։
ՀՀ առողջապահական կառույցները շարունակում են հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին և իրականացնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ժամանակավոր առաջարկություններից բխող միջոցառումները։

Related posts

Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները

Առաջիկա օրերին կշարունակվի շոգը․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ