ՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծ

Ազգային ժողովի՝ մարտի 24-ի նիստին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջև տնտեսական գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը, որը ստորագրվել է 2025-ի հունիսին:

Համաձայնագրի նպատակն է ազատականացնել ու պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը, բազմազանությունը, ինչը կնպաստի էմիրաթական շուկայում ապրանքների մրցունակության բարձրացմանը՝ ավելացնելով արտահանման ծավալները:

«Հայաստանից ԱՄԷ արտոնյալ պայմաններով արտահանման ծածկույթը կկազմի այսօրվա մեր ընթացիկ արտահանման 95 տոկոսը»,- ասաց նա:

Ըստ Պապոյանի՝ բանակցություններում ընթացիկ արտահանվող բոլոր ապրանքները ներկայացվել են, որի 95 տոկոսը հաստատվել է, իսկ 5 տոկոսը հնարավոր չէր ներառել ցանկի մեջ ԱՄԷ-ի օրենսդրության պատճառով: Այդպիսի ապրանքներ են ծխախոտի փոխարինիչները, ալկոհոլը և այլն: Ըստ նախարարի՝ ԱՄԷ-ն որևէ երկրի հետ այս ապրանքների մասով արտոնություն չի սահմանում:

2023-ի դրությամբ ՀՀ-ից Էմիրություններ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ: Արդյունքում հայկական արտահանողներն ուղղակիորեն կսուբսիդավորվեն 500 հազար ամերիկյան դոլարի չափով:

«Սա մեզ կտա մրցակցային նոր առավելություն, և արտահանման ծավալները կմեծանան, հետևաբար սուբսիդավորումն անուղղակիորեն է՛լ ավելի կմեծանա»,- ասաց նա՝ նշելով, որ այսօր, երբ ՀՀ-ն ԱՄԷ ապրանանքեր է արտահանում, մաքսատուրքի միջին տոկոսը 6 տոկոս է, արդյունքում այն կհասնի 2,6 տոկոսի:

«Գյուղատնտեսական ապրանքների մասով հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ են. դրանք են թարմ մրգերը, ելակը, հանքային ջրերը, կենդանի բույսերը և այլն: Նշված ապրանքների համար Հայաստանից Էմիրություններ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալն այս պահին 1,5 մլն դոլար է: Մեր ներուժը 10 մլն դոլար է»,- պարզաբանեց նախարարը՝ նշելով, որ արդյունքում բացվում է արտահանման շատ մեծ պոտենցիալ:

Արդյունաբերական ապրանքների մասով արտահանվում են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են ալյումինե փայլաթիթեղը, ալյումինե համաձուլվածքները, բժշկական սարքերը, ռադիոէլեկտրոնային և ռադիոհեռարձակման սարքավորումները: Ըստ նախարարի՝ այս ապրանքները մոտավորապես 10 մլն դոլարի չափով են արտահանվում, բայց այս պարհի ներուժը 25-30 մլն դոլար է, և արտահանման ծավալը հնարավոր է եռապատկել:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից