ՀՀ ԱԳ նախարարը մոլդովացի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը

Նոյեմբերի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո Չոկոյի հետ։ Այս մասին հայտնում են արտգործնախարարության լրատվական ծառայությունից:

Նախարարները շնորհավորանքներ են փոխանակել արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարումը ստանձնելու և այդ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով առավել ամրապնդել հայ-մոլդովական հարաբերությունները և հարստացնել երկկողմ օրակարգը։ Զրուցակիցները  կարևորել են տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը:

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն իր զրուցակցին ներկայացրել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և իր կողմից հովանավորյալ ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Հակամարտության կարգավորման համատեքստում նախարար Այվազյանը վերահաստատել է, որ Հայաստանի համար մնում է առաջնահերթություն Արցախի ժողովրդի իրավունքների լիարժեք և արդար իրացումը: Արա Այվազյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում երկու երկրների համագործակցության շուրջ։

Related posts

Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ ՀՖՖ նախկին նախագահի՝ ապօրինի կառուցված առանձնատան պարիսպը, հայց է ներկայացվել «Հարսնաքարի» վերաբերյալ

ՆԱՏՕ-ն խոցել է Լիտվայի օդային տարածք մտած անօդաչու թռչող սարքը․ ԱԹՍ-ների մասին ահազանգեր են հնչել Վիլնյուսում

ԱԺ նիստ . ՈՒՂԻՂ