Հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ, դա շատ լավ նորություն է. վարչապետ

Մեր արձանագրումն այն էր, որ մեր պրոբլեմը ինքներս պետք է հասկանանք, մենք պետք է որոշումներ կայացնենք, թե ինչ ենք անում և ինչ ճանապարհով ենք գնում: Եվ այդ դեպքում միջազգային հանրության օգնությունը կլինի շատ ավելի կոնկրետ և շատ ավելի առարկայական: Այս մասին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած անվտանգային ֆորումի շրջանակում «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հասկացանք, որ հնարավոր չէ էս թնջուկից դուրս գալ՝ առանց միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը, ինքնիշխանությունը ճանաչելու:

Եթե այդ որոշումները չկայացնեինք, չեմ փորձի նկարագրել, թե հունվարի 14-ի դրությամբ ինչ կլիներ մեր տարածաշրջանում:

Եկեք մի շատ կարևոր իրավիճակ գնահատենք. ըստ էության՝ աշխարհը փոթորկվում է, իսկ ՀՀ-ն և մեր տարածաշրջանն այսօր քայլ-քայլ, առնվազն ՀՀ-Ադրբեջան հարթությունում, վերածվում են կայունության, անվտանգության մի միջավայրի, որը չափազանց կարևոր է, սա շատ մեծ ձեռքբերում է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաև TRIPP նախագծին. «Առավոտյան առիթ ունեցա շնորհավորել հայաստանցիներին երեկ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման արդյունքներով Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների կողմից տարածված հայտարարության առիթով, որը TRIPP նախագծի իրագործման շրջանակի առիթով է ստարագրված: Ուզում եմ բոլորիս շնորհավորել»:

Փաշինյանի խոսքերով՝ հիմա արդեն ակնհայտ է, որ նաև TRIPP նախագծի հետ կապված այն բաց հարցերը, որոնք կային հռչակագրի ընդունումից հետո, ստացել են պատասխաններ:

«Շատ կարևոր է, որ մենք ունենք բանաձև, որը լիարժեք բավարարում է և պիտի բավարարի ՀՀ-ին, ԱՄՆ-ին, լիարժեք բավարարում է, իմ կարծիքով [իհարկե, նրանք  կարձագանքեն, կտեսնենք] Ադրբեջանին»,- ընդգծեց նա:

Ըստ վարչապետի՝ սրանով կանաչ լույս է վառվում տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու գործին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը:

«Ակնհայտ է, որ հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ և մեծ փողեր, և դա շատ լավ նորություն է»,- ասաց վարչապետը:

Հիշեցնենք՝ հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը  հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի  հետ։

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որի տեքստը տարածվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ