Հաջիևը ճիգեր է գործադրում կանխելու ՌԴ-ի հետ միջպետական սկանդալը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը փորձեր է անում կանխելու Ռուսաստանի հետ հասունացող միջպետական սկանդալը՝ ՌԴ-ում Բաքվի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հայտարարություններից հետո:

Հաջիևը Հայաստանի օդային տարածքում Ադրբեջանի կողմից ռուսական Մի-24-ի խոցման մասին դեսպանի հայտարարությունը՝ «պատերազմում, ինչպես պատերազմում», համարում է ոչ տեղին: Այս խոսքերը առաջացրել էին նաև Մոսկվայի դժգոհությունը: ՌԴ ԱԳՆ-ն հույս էր հայտնել, որ ադրբեջանական կողմն այլևս իրեն թույլ չի տա երկիմաստ հայտարարություն ողբերգական այդ միջադեպի առնչությամբ: «Եթե Ռուսաստանը դավաներ «պատերազմում, ինչպես պատերազմում» սկզբունքին, պատասխանը ջախջախիչ կլիներ»,-նշել էին ՌԴ ԱԳՆ-ում: Նախարարությունը նաև ընդգծել էր՝ ակնկալում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից խոստացված հետաքննության անցկացում:

«Արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք պարտավոր են զերծ մնալ ինքնագլուխ հայտարարություններից»,-ադրբեջանական և ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Հաջիևը:

Ռուսական Մի-24-ը խոցվել էր ՀՀ սուվերեն օդային տարածքում նոյեմբերի 9-ին: Անձնակազմի երկու անդամ զոհվել էին, մեկն ստացել մարմնական վնասվածքներ: Ադրբեջանը հայտարարել էր,թե իր զինուժի կողմից ուղղաթիռի խոցումը սխալմունք էր, որի համար Բաքուն պատրաստ է փոխհատուցում վճարել Մոսկվային:

 

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան