Բնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահ

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել «Առաջնորդները՝ հանուն բնության» գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված «Ֆինանսավորելով ապագան. ֆինանսական հոսքերի ուղղորդումը դեպի բնության պահպանությանն ու վերականգնմանն ուղղված զարգացում» կլոր սեղանին:

«Պետությունների և կառավարությունների մեծարգո՛ ղեկավարներ,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ողջունում եմ ձեզ Երևանում՝ «Առաջնորդները՝ հանուն բնության» գագաթնաժողովի շրջանակում։

Այսօր մենք քննարկում ենք մի հարց, որն անմիջականորեն առնչվում է մեր երկրների ապագային՝ ինչպե՞ս ուղղորդել ֆինանսական միջոցները, որպեսզի տնտեսական զարգացումը չուղեկցվի բնության շարունակական կորստով, այլ նպաստի դրա պահպանությանն ու վերականգնմանը։

Սա միայն բնապահպանական քաղաքականության հարց չէ, այլ մեր տնտեսական զարգացման մոդելի, պետական կառավարման առաջնահերթությունների և ապագա սերունդների նկատմամբ մեր պատասխանատվության հարց։

Հայաստանի համար բնությունը մեր ազգային հարստության անբաժանելի մասն է։ Մեր ջրային պաշարները, անտառները, լեռնային և այլ էկոհամակարգերը ոչ միայն բնության արժեքավոր բաղադրիչներ են, այլև մեր կայուն զարգացման ու հանրային բարեկեցության անքակտելի հիմքեր։

Սևանա լճի պատմությունը դրա վառ օրինակն է։ Տասնամյակներ շարունակ մարդու միջամտությունը և լճի ջրային պաշարների ինտենսիվ օգտագործումը հանգեցրեցին ջրի մակարդակի զգալի նվազման և էկոհամակարգի խաթարման։ Հետագա վերականգնման ջանքերը պահանջեցին տարիների աշխատանք, հսկայական ֆինանսական միջոցներ և պետական քաղաքականության վերանայում։

Այս փորձը մեզ հիշեցնում է, որ բնական պաշարների օգտագործման վերաբերյալ որոշումները չեն կարող գնահատվել միայն դրանց անմիջական տնտեսական արդյունքներով։ Պետք է հաշվի առնել նաև երկարաժամկետ հետևանքները՝ երկրի տնտեսության, մարդկանց կենսապայմանների և բնության համար։

Ուստի բնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը։ Մենք պետք է կարողանանք գնահատել ոչ միայն այն, ինչ ստեղծում ենք այսօր, այլև այն, ինչ պահպանում ենք վաղվա համար։

Հարգելի՛ գործընկերներ,

Տնտեսական զարգացումը և բնության պահպանությունը հաճախ ներկայացվում են որպես իրար հակադրվող նպատակներ։ Մեր նպատակն է ապահովել այնպիսի զարգացում, որի պայմաններում տնտեսական աճը, նոր ներդրումները և աշխատատեղերի ստեղծումը համատեղելի են բնական պաշարների պատասխանատու օգտագործման և էկոհամակարգերի պահպանության հետ։ Դրա համար անհրաժեշտ է փոխել ոչ միայն մեր ծրագրերը, այլև այն որոշումների հիմքում ընկած մոտեցումները, որոնք ուղղորդում են պետական և մասնավոր ֆինանսական միջոցները։ Այսօր մենք պետք է հարց տանք՝ արդյոք մեր ֆինանսական համակարգերն ու տնտեսական խթանները նպաստո՞ւմ են այն նպատակների իրականացմանը, որոնք մենք ինքներս ենք սահմանել։ Եթե մի կողմից ֆինանսավորում ենք բնության և կենսաբազմազանության վերականգնումը, իսկ մյուս կողմից շարունակում ենք ներդնել զգալի միջոցներ՝ խրախուսելով դրանց կորստի հանգեցնող տնտեսական գործունեությունը, չենք կարող ակնկալել երկարաժամկետ արդյունք։ Հետևաբար, անհրաժեշտ է, որ բնության արժեքը և դրա կորստի հետ կապված ռիսկերը պատշաճ կերպով հաշվի առնվեն պետական բյուջետային քաղաքականության, ֆինանսական կարգավորումների և ներդրումային որոշումների մեջ։

Այստեղ պետության պատասխանատվությունն առանձնահատուկ է։ Պետությունը պետք է ձևավորի հստակ և կանխատեսելի քաղաքական միջավայր, վերանայի բնությանը վնասող տնտեսական խթանները և խրախուսի այն ներդրումները, որոնք երկարաժամկետ արժեք են ստեղծում՝ միաժամանակ պահպանելով բնական հարստությունը։ Սակայն միայն պետական ֆինանսավորումը բավարար չէ։ Մեզ անհրաժեշտ են նաև գործարար համայնքի ակտիվ մասնակցություն, մասնավոր ներդրումներ, միջազգային ֆինանսական կառույցների աջակցություն, նորարարական ֆինանսական լուծումներ։

Մեր խնդիրն է՝ համատեղել այս հնարավորությունները և ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում բնության պահպանությունն ու վերականգնումը կդառնան տնտեսական որոշումների բնականոն բաղադրիչ։ Սա պահանջում է համագործակցություն կառավարությունների, ֆինանսական հաստատությունների, ներդրողների և բիզնեսի միջև, ինչպես նաև հստակ կանոններ, թափանցիկություն և երկարաժամկետ պատասխանատվություն։

Միևնույն ժամանակ, մենք պետք է գիտակցենք, որ տնտեսական փոփոխությունները չեն կարող հաջող լինել, եթե դրանց սոցիալական հետևանքները պատշաճ կերպով հաշվի չեն առնվում։ Բնության պահպանությանն ուղղված քաղաքականությունը պետք է նաև նոր հնարավորություններ ստեղծի մարդկանց և համայնքների համար՝ ապահովելով, որ անցման ծախսերը անհամաչափ չծանրաբեռնեն առավել խոցելի խմբերին։

Հարգելի՛ ներկաներ,

2022 թ. ընդունված Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը միջազգային հանրության առջև հստակ նպատակներ դրեց՝ մինչև 2030 թ. կասեցնել կենսաբազմազանության կորուստը, իսկ մինչև 2050 թ. հասնել բնության հետ ներդաշնակ համակեցության։

Այսօր մեր խնդիրն այդ նպատակները և թիրախները վերահաստատելը չէ։ Մեր խնդիրն է՝ ապահովել դրանց գործնական իրականացումը։

Հավաքական առաջընթացի առաջին գլոբալ վերանայումը ցույց է տալիս, որ ձեռնարկված քայլերը դեռևս բավարար չեն, իսկ ֆինանսավորումը շարունակում է մնալ կարևոր մարտահրավերներից մեկը Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման համար։ Սա պահանջում է ավելի հետևողական քաղաքականություն, ավելի արդյունավետ ֆինանսական գործիքներ և ավելի սերտ միջազգային համագործակցություն։

Հատկապես կարևոր է ֆինանսավորման հասանելիության հարցը զարգացող երկրների համար։ Հարուստ կենսաբազմազանություն ունեցող զարգացող երկրները, հատկապես առավել նվազ զարգացած և փոքր կղզի զարգացող երկրները պետք է ունենան իրական հնարավորություններ՝ ներգրավելու անհրաժեշտ միջոցները դրա պահպանության և վերականգնման համար։ Միջազգային համագործակցությունը պետք է օգնի այդ հնարավորությունները վերածելու կոնկրետ ծրագրերի և երկարաժամկետ ներդրումների, որոնց հիմքում պետք է լինեն ազգային կարողությունների ձևավորումը, գիտական և տեխնիկական համագործակցությունը, տեխնոլոգիաների հասանելիությունը։

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս այս հարցերին՝ նաև որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նախագահող երկիր։

Մենք COP17-ը դիտարկում ենք որպես հնարավորություն՝ համատեղ գնահատելու արձանագրված առաջընթացը, բացահայտելու առկա խոչընդոտները, այդ թվում՝ իրականացման համար միջոցների խնդիրը և պայմանավորվելու այն գործնական քայլերի շուրջ, որոնք անհրաժեշտ են մինչև 2030 թ. մեր նպատակներին հասնելու համար։

Մեր ակնկալիքն է, որ այսօրվա քննարկումը ևս կնպաստի այդ աշխատանքին։ Կարևոր է, որպեսզի ոչ միայն արձանագրենք ֆինանսավորման բացը, այլև հասկանանք, թե ինչպես կարող ենք փոխել ֆինանսական հոսքերի ուղղությունը՝ դրանք ուղղորդելով բնահենք լուծումներ և էկոհամակարգերի վրա խարսխված մոտեցումներ խթանելու համար: Ինչպիսի քաղաքական լուծումներ են անհրաժեշտ մասնավոր ներդրումներ խրախուսելու, հանրային-մասնավոր գործընկերություն խթանելու համար, և ինչպես ապահովել, որ մեր տնտեսական որոշումները համահունչ լինեն բնության պահպանության նպատակներին։

Երևանի հռչակագիրը կարող է արտացոլել այս ընդհանուր ընկալումը՝ ընդգծելով գործնական քայլերի, փոխադարձ պատասխանատվության և միջազգային համագործակցության կարևորությունը։

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր ապագան մեծապես կախված է այն որոշումներից, որոնք կայացնում ենք այսօր։ Մենք պատասխանատու ենք ոչ միայն մեր երկրների ներկա տնտեսական արդյունքների, այլև այն բնական միջավայրի և էկոհամակարգերի համար, որոնք թողնելու ենք հաջորդ սերունդներին։

Ուստի մեր նպատակը պետք է լինի հստակ՝ ֆինանսական միջոցներն ու տնտեսական քաղաքականությունը ծառայեցնել այնպիսի զարգացման, որը միաժամանակ ապահովում է մարդկանց բարեկեցությունը, ամրապնդում կայուն զարգացումը և պահպանում բնությունը և կենսաբազմազանությունը։

Հայաստանը պատրաստ է շարունակել այս ուղղությամբ աշխատանքը մեր միջազգային գործընկերների հետ՝ COP17-ի շրջանակում և դրանից հետո։

Մաղթում եմ արդյունավետ քննարկում և արգասաբեր աշխատանք։

Շնորհակալություն»։

Related posts

ԵՄ առաջնորդները չեն խնդրել Զելենսկուն մեղմացնել Թրամփի նկատմամբ հռետորաբանությունը. Politico

Քննարկվել են համագործակցության շրջանակներ Հայաստանի և Ղրղզստանի միջև

Արզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել է