Քննարկվել են համագործակցության շրջանակներ Հայաստանի և Ղրղզստանի միջև

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ղրղզստանի Հանրապետության գիտության, բարձրագույն կրթության և նորարարությունների նախարար Գուլզատ Տընիբեկովնա Իսամատովային և Լուսավորության նախարար Դոգդուրկուլ Քենդիրբաևային:

Պաշտոնյաները Հայաստանում են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում:
Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է գործընկերների հետ թեմատիկ քննարկումների հնարավորությունը, որը ստեղծվել է COP17-ի շրջանակում:

«Կրթական համակարգում առաջնային են նույն խնդիրները՝ արդյունավետության բարձրացում, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության կիրառում, թվային գրագիտություն և այլն: Ուրախ եմ, որ կարող ենք քննարկումեր ծավալել ինչպես ընդհանուր թեմաների, այնպես էլ առանձին ծրագրերի շուրջ՝ նախանշելով համագործակցության ուղիներ երկու երկրների միջև»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Գուլզատ Տընիբեկովնա Իսամատովան և Դոգդուրկուլ Քենդիրբաևան շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստան այցը հնարավորություն է տալիս ծանոթանալու նաև տեղի կրթական համակարգին և, ըստ անհրաժեշտության սկսել փորձի փոխանակման գործընթաց՝ կրթության հայկական մոդելն իրենց երկրում տեղայնացնելու նպատակով:

Կողմերը քննարկել են կրթական բարեփոխումների սեփական փորձը․ ղրղզական կողմին, մասնավորապես, հետաքրքրել է ՀՀ-ում գործող 12-ամյա հանրակրթական համակարգը, արհեստական բանականության կրթական ծրագրերը, նախադպրոցական կրթության բարեփոխումները, մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ծրագրերը, մանկավարժների խրախուսման ձևաչափերը և այլն:

Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը հակիրճ ներկայացրել է ՀՀ դպրոցներում գործող Արմաթ լաբորատորիաների, Թումո կենտրոնների, ԵՊՀ արհեստական բանականության կենտրոնի գործունեությունը, Հայաստանում կրթական բարեփոխումների ուղղություններն ու ընթացքը: Առանձին անդրադարձ է եղել նաև բարձրագույն կրթության և գիտության ոլորտին: Կարևորվել են միջբուհական կապերի ամրապնդումը, համատեղ հետազոտական աշխատանքների իրականացումը, համատեղ նախագծերի կյանքի կոչումը:

Կողմերը կարևորել են համապատասխան ենթական կառույցների գործունեության շրջանակում մայրենի լեզվի կենսունակության ապահովմանն ուղղված գործունեությունը:

Առաջիկա օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՂՀ գիտության, բարձրագույն կրթության և նորարարությունների նախարարության միջև նախատեսվում է ստորագրել կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին հուշագիր, իսկ ԿԳՄՍ նախարարության և ՂՀ լուսավորության նախարարության միջև՝ կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր:

Related posts

Արզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել է

Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

Հայաստանի փորձը՝ օրինակ միջազգային գործընկերների համար