ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի իշխանությունների հռետորաբանությունը մտահոգիչ է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ-ն ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները համարում է վերջնագրային և վիրավորական հռետորաբանություն, մինչդեռ Մոսկվան կասկածի տակ չի դնում յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքը՝ դաշինքներն ընտրելու հարցում, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի Երևանի բարձրացրած հարցերին՝ երկրի ինքնիշխան տարածքի վերաբերյալ։

«Մենք երբեք կասկածի տակ չենք դրել, չենք դնում և չենք դնի ցանկացած պետության ինքնիշխան իրավունքը՝ որոշելու իր արտաքին քաղաքական կուրսը, ներառյալ այս կամ այն միջազգային կամ տարածաշրջանային կառույցների աշխատանքին մասնակցության աստիճանը՝ ելնելով իր ազգային շահերից և ստանձնած պարտավորություններից։ Դա լիովին վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին»,- ասել է Զախարովան:

«Միաժամանակ մեզ չի կարող չանհանգստացնել  ոչ արդյունավետ, վերջնագրային, իսկ երբեմն էլ վիրավորական հռետորաբանությունը, որն այսօր գերիշխում է կազմակերպության վերաբերյալ Հայաստանի ղեկավարության արտահայտություններում և պարտադրվում է հայ հասարակությանը»,- հավելել է նա:

Զախարովան նշել է, որ Մոսկվայում տարակուսած են ՀԱՊԿ-ի արդյունավետության հարցերն «այդ կազմակերպությունից դուրս քննարկելու Հայաստանի ղեկավարության ձգտումից, այն դեպքում, երբ դրա համար կան փոխգործակցության բոլոր մեխանիզմները, ձևաչափերն ու ուղիները»: Մինչդեռ, ըստ Զախարովայի, Երևանը բառացիորեն խուսափում է առարկայական փորձագիտական երկխոսությունից ՀԱՊԿ-ի հարթակում:  «Եվ դա այն դեպքում, երբ նման աշխատանքի համար կազմակերպությունը բաց է ու պատրաստ»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

«Հայաստանի ղեկավարության ներկայիս կուրսի շարունակությունը կարող է անուղղելի վնաս հասցնել Մոսկվայի և Երևանի միջև առկա դաշնակցային հարաբերություններին և ռիսկեր ստեղծել հենց Հայաստանի ինքնիշխանության համար»,- ասել է դիվանագետը։

Related posts

Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան

Դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասին

Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց