ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Հայաստանի հարավարևմտյան սահմանագոտի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ – ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի և մի շարք սպաների ուղեկցությամբ, այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, մասնավորապես, եղել է Երասխի հատվածում տեղակայված մարտական հենակետում, ծանոթացել սահմանային իրավիճակին։ Ստանիսլավ Զասին ներկայացվել են ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված՝ նախորդ մի քանի շաբաթների հրադադարի խախտումների դեպքերը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հետևել է հենակետում իրականացվող մարտական հերթապահությանը, զրուցել զինծառայողների հետ։ Ստանիսլավ Զասն այցի ընթացքում պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ ներկայացնելով ՀԱՊԿ դիրքորոշումը ստեղծված իրավիճակի և լարվածությունը թուլացնելուն միտված միջոցառումների վերաբերյալ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանային իրադրության խաղաղ, քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, և անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ։ Այնուհետև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհել Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների շիրիմներին։

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան