ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կժամանեն Երևան․ հանդիպմանը կմասնակցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը նոյեմբերի 23-ին Երևանում կքննարկի միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերը և միջխորհրդարանական շրջանում կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:

Նախատեսվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվելիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հանդիպմանը կմասնակցի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերը և ՀԱՊԿ-ի գործունեության հիմնական արդյունքները: Կարևորագույն հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների քննարկումը։

Նիստի ընթացքում նախատեսվում է Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի ընդունում։

Հաշվի առնելով 2022-2023 թթ.-ին ՀԱՊԿ-ի նախագահության անցումը Բելառուսի Հանրապետությանը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կներկայացնի երկրի առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացվեն հաջորդ տարի։

Նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք փաստաթղթերի ստորագրում, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ՀԱՊԿ-ի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության և բժշկական աջակցության ստորաբաժանման համատեղ ձևավորմանը, ինչպես նաև «Наемник» օպերատիվ և կանխարգելիչ միջոցառումների համալիրին տարածաշրջանային հակաահաբեկչական գործողության կարգավիճակ տրամադրելուն:

Քննարկվելու է նաև ՀԱՊԿ-ի 2023 թվականի բյուջեն:

Առաջիկա ռոտացիայի հետ կապված՝ 2023 թվականի հունվարի 1-ից Հավաքական անվտանգության խորհուրդը կքննարկի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցը։

Նիստի մեկնարկից առաջ տեղի կունենա ԱԳ նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստ, որի ընթացքում կքննարկվի ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակը, Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստի օրակարգը։

Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել մի շարք կարևոր քաղաքական հայտարարություններ, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարությունը միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման և սպառազինությունների վերահսկման, զինաթափման և չտարածման վերաբերյալ: Բացի այդ, Անվտանգության խորհուրդների քարտուղարները կընդունեն հայտարարություն, որը դատապարտում է նացիզմը, նեոնացիզմը, ծայրահեղականությունը, շովինիզմը, այլատյացության բոլոր ձևերը փառաբանելու փորձերը։

Նախատեսվում է ընդունել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի որոշումը «Կենսաբանական անվտանգության վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների լիազոր մարմինների համակարգող խորհրդի կազմի մասին»։

Related posts

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա

Բագրատ Սրբազանն անդրադարձել է Կառավարության հայտարարությանը

Մեկուկես միլիոն դրամի ծխախոտը գնել էր վերավաճառելու նպատակով