Հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները

Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել Ղարաբաղից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները։
Մասնավորապես,
Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց սոցիալական աջակցության ծրագիրը շարունակել մինչև 2027 թ․ մարտ ամիսը ներառյալ, 30000 դրամի չափով, իսկ ապրիլից մինչև հունիս ամիսը ներառյալ ամիսների համար՝ 15000 դրամի չափով,
Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագիրը երկարացնել մինչև 2027 թ․ դեկտեմբեր ամիսը ներառյալ:
Միաժամանակ, Ղարաբաղից տեղահանված անձինք, ՀՀ քաղաքացիների հետ հավասար հիմունքներով, հնարավորություն ունեն օգտվելու սոցիալական աջակցության գործող այլ ծրագրերից և միջոցառումներից՝ դրանցով սահմանված պահանջներին համապատասխան։
Հիշեցնենք, որ շարունակվում է նաև Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագիրը, որի շրջանակում 8310 ընտանիք արդեն իսկ ստացել է հավաստագիր, որից իրացվել են 4750-ը։
Մեկնարկել է նաև Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության ապահովման ծրագիրը, որի շրջանակում տրվում է աջակցություն՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով, ինչպես նաև տեղահանված առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը՝ երկարաժամկետ վարձակալության վճարի փոխհատուցման համար։
Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարող եք ներկայացնել հետևյալ հղմամբ՝ https://e-draft.am/projects/10638

Related posts

Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը

8 տարի հետո նույնիսկ փոքր-ինչ ուշացած է. Աղաջանյանը՝ պետական մարմիններում վարձատրության բարձրացման մասին

Ադրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձ