«Հայ-հնդկական բարեկամական համագործակցությունը կբարձրացնենք որակապես նոր մակարդակի». ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի անդամ Վինայ Սահասրաբուդհեին և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը

Ողջունելով Վինայ Սահասրաբուդհեի այցը Հայաստան՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ հայ-հնդկական համագործակցությունը մեծ ներուժ ունի. «Ես մեծապես կարևորում եմ մեր բարեկամական երկրների համագործակցությունը և վստահ եմ, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրերը կնպաստեն երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնմանը և զարգացմանը: Այս հանդիպումը և քննարկումները նպատակ ունեն ակտիվացնել և առավել արդյունավետ դարձնել երկկողմ փոխգործակցությունը»:

ԿԳՄՍ նախարարը հայ-հնդկական մշակութային կապերի ամրապնդման համար առաջարկել է դիտարկել Հայաստանում հնդկական կրթամշակութային կենտրոն հիմնելու հնարավորությունը: Վ. Դումանյանի խոսքով՝ կենտրոնը կարող է նպաստել Հայաստանում Հնդկաստանի մշակույթը լավագույնս ներկայացնելուն և գործել որպես կրթամշակութային փորձի փոխանակման հարթակ: Շարունակելով մշակույթի ոլորտում համագործակցության թեման՝ ԿԳՄՍ նախարարն առաջարկել է համագործակցել Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ և Հայաստանում հնդիկ կինոարտադրողների մասնակցությամբ կինոարտադրության նախագծեր իրականացնել: Նախարարը նաև առաջարկել է դիտարկել պետական կրթաթոշակային ծրագրի ներդրումը հայ և հնդիկ ուսանողների համար:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև միջբուհական, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը ուսանողների և դասախոսների, մարզիկների և մարզիչների միջև, ինչպես նաև երիտասարդների շրջանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Վինայ Սահասրաբուդհեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դրական է արձագանքել հնչած առաջարկներին և ընդգծել, որ քաղաքակրթական, ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունների զարգացման համար չկա որևէ խոչընդոտ: Այս տարի լրանում է Հնդկաստանի անկախության 75-ամյակը. այդ համատեքստում Վինայ Սահասրաբուդհեն Հայաստանի 75 դպրոցի Հնդկաստանի մասին պատմող հայերեն 75 գիրք նվիրելու ցանկություն է հայտնել: Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահի խոսքով՝ համատեղ կրթամշակութային ծրագրեր կարելի է կազմակերպել նաև անկախության 75-ամյակի շրջանակում: Բարեկամ երկրներում միմյանց պատմությունն առավել մանրամասն ծանոթանալու նպատակով՝ Վինայ Սահասրաբուդհեն առաջարկել է դիտարկել նաև Հնդկաստանի անկախության մասին պատմող հայերեն և հայկական կողմի նախընտրած թեմայով հնդկերեն գրքերի տպագրություն: Կողմերը դիտարկել են նաև ուսուցիչների շրջանում փոխանակման ծրագրերի, փոխադարձ այցերի հնարավորությունները:

Արձագանքելով Վինայ Սահասրաբուդհեին՝ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խմբեր նշված գաղափարները կյանքի կոչելու և առավել գործնական քայլերի անցնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը գործընկերների ուշադրությունն է հրավիրել նաև Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին՝ ընդգծելով այս հարցում միջազգային հանրության արձագանքի կարևորությունը:

«Լիահույս եմ, որ մեր բարեկամական և արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական, և մենք միասին կկարողանանք հասնել շոշափելի արդյունքների, իսկ համագործակցությունը կբարձրացնենք որակապես նոր մակարդակի»,-եզրափակել է Վահրամ Դումանյանը:

Related posts

Հայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան

Վերարտադրողական առողջության իրավունքին առնչվող կարծրատիպերի հաղթահարումը կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր գրավականներից է․ Մանասյան

Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ