Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը

Սուրբ Հարության տոնը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:

Սուրբ Հարության տոնը քրիստոնյա աշխարհի մեծագույն իրադարձություններից մեկն է:

Քրիստոս խաչվեց մարդկությանը մեղքերից փրկելու համար, ապա հարություն առավ, որպեսզի խորտակվի անխուսափելի մահվան իշխանությունը: Եվ այսօր Քրիստոսին, հարություն առնելով մեռելներից, Իր հետ հարություն տվեց նաև մեզ, որ մեղքերի ու մահվան մեջ էինք:

Հարության շնորհիվ մենք հասկացանք, թե որն է մարդկային կյանքի նպատակը: Մահը, լինելով վախճանը երկրավոր կյանքի, դառնում է սկիզբը՝ երկնավոր կյանքի:

Հիսուս Քրիստոսի Հարությունը քրիստոնեության հիմքն է: Այդ պահից գրեթե երկու հազար տարի Զատիկը տոնվում է որպես ազատագրում, մեղքերից ապաշխարություն և վերադարձ առ Աստված:

Զատկի տոնին մարդիկ ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ:

գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Ս. Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` «դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Ս. Հարության տոնին նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ընթացքում պահք պահողները Ս. Հաղորդություն ստանալով, դուրս են գալիս պահքից։

Հավատացյալները միմյանց ողջունում են տալով Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց», պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։

Այսօր Սուրբ Հարության տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ժամը 10:30-ին:

Related posts

Լիանա Գյուրջյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, Տաթև Հակոբյանը՝ պոկում վարժության արծաթե մեդալակիր

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում նվաճել է փոքր ոսկե, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոքր արծաթե մեդալ