Հայցի ապահովման միջոցի փոփոխման կամ ձևափոխման դատարանի մերժման որոշումը այսուհետև կարելի է բողոքարկել. ՍԴ որոշում

Սահմանադրական դատարանը 2025 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ սահմանել է, որ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով: Iravaban.net–ը ուսումնասիրելով ՍԴՈ-1802 որոշումը, ներկայացնում է մանրամասն իրավական վերլուծություն.

Գործի նախապատմությունը

2023 թվականի ապրիլի 6-ին Ալեքսանդր Սահակյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կարինե Հակոբյանի՝ երեխային մշտական բնակության վայր վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Առաջին ատյանի դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել՝ սահմանելով տեսակցության կարգ և արգելելով փոխել երեխայի բնակության վայրը կամ լքել Հայաստանի Հանրապետությունը:
Հայցը մերժվել է, սակայն Վերաքննիչ դատարանի որոշմամբ գործն ուղարկվել է նոր քննության: Հետագայում Սահակյանը ներկայացրել է հայցի ապահովման միջոցը ձևափոխելու միջնորդություն, որը Դատարանը մերժել է: Այս որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը Վերաքննիչ դատարանը մերժել է այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածով նման որոշումը բողոքարկման ենթակա չէ:

Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, որը սահմանում է վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշումների շրջանակը, պետք է մեկնաբանվի ավելի լայն՝ ներառելով նաև հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ ձևափոխելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշումները:

Դատարանը նշել է, որ «հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու դատավարական գործողությունը բովանդակում է և՛ հայցի ապահովումը վերացնելու, և՛ հայցի ապահովում կիրառելու դատավարական գործողությունները»: Հետևաբար, նման որոշման բողոքարկման հնարավորության բացակայությունը խախտում է Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:

Հայցի ապահովման ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը

Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ քաղաքացիական դատավարությունում հայցի ապահովման ինստիտուտը հիմնարար երաշխիքային մեխանիզմներից մեկն է, որը կոչված է ապահովել դատարանի կողմից կայացվելիք դատական ակտի փաստացի իրագործելիությունը՝ երաշխավորելով դրա իրավական արդյունավետությունը:

Այն, ըստ էության, արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի գործնական դրսևորումներից մեկն է, որն ապահովում է կողմերի շահերի միջև ողջամիտ հավասարակշռությունը։ Հայցի ապահովման միջոցները պետք է կիրառվեն այնպես, որ երաշխավորեն ներկայացված հայցապահանջների իրագործվելիությունը, բայց չվերածվեն պատժիչ կամ ճնշող մեխանիզմի։

Արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը և բողոքարկման ինստիտուտը

Սահմանադրական դատարանը շեշտել է, որ «դատական ակտի բողոքարկման հնարավորությունը, լինելով դատական համակարգի «ներքին վերահսկող» յուրօրինակ մեխանիզմ, ապահովում է իրավունքահեն արդարադատության նկատմամբ շարունակական վերահսկողություն, որի կենսագործմամբ խախտված իրավունքի վերականգնումը ստանում է իր ավարտուն սահմանադրաիրավական բովանդակությունը»:

Դատական ակտի բողոքարկման իրավունքը չի կարող սահմանափակվել այնպես, որ խոչընդոտվի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացումը։ Իրավակիրառ պրակտիկան պետք է հաշվի առնի իրավական նորմերի սահմանադրաիրավական բովանդակությունն ու դրանց նպատակային նշանակությունը։

Սահմանադրական դատարանի եզրահանգումը

Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձևափոխելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով:

Միաժամանակ, Դատարանը սահմանել է, որ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ վիճարկվող դրույթը դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Այս որոշումը կարևոր նշանակություն ունի քաղաքացիական դատավարության գործերի համար, ապահովելով դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը հայցի ապահովման կարգավորումների համատեքստում,- տեղեկացնում է Iravaban.net-ը:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ