Հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և ապօրինի հրազեն

Նախորդ թողարկումներից մեկում ոստիկանության լրատվական ծառայությունը անդրադարձել էր Էրեբունու քրեական հետախույզների, ապօրինի հրազենի և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի հայտնաբերման դեպքին։ Փետրվարի լույս 10-ի գիշերը նրանք հետապնդել էին թմրամիջոց իրացնելու մեջ կասկածվող անձանց, որոնցից մեկը զինված էր։ Ըստ ոստիկանության հաղորդագրության, նրանք «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով փախել էին, քրեական հետախույզներն էլ՝ հետապնդել։

Փախչող անձինք Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցում հանդիպել էին ուղեփակոցի, թողել էին մեքենան ու փախուստը շարունակել ոտքով։ Վարորդը, որ զինվածն էր, փախչելիս նետել էր զենքը, դրամապանակն ու պայուսակը, բայց ոստիկաններից ազատվել չէր կարողացել՝ բռնել էին:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին «ТТ» ատրճանակ՝ 6 փամփուշտով, ծալովի դանակ և տարբեր տրամաչափի 13 փամփուշտ: Հայտնաբերել էին նաև հերոինի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ։ Առանձնապես խոշոր չափերի՝ կես կիլոգրամից ավելի հերոինի նմանվող զանգվածով փաթեթներ էին հայտնաբերվել նաև մեքենայի զննությամբ։ Էրեբունու բաժին բերման ենթարկված վարորդը, որը մայրաքաղաքի Օհանովի փողոցի 33-ամյա բնակիչ է, ձերբակալվել է։

Հարուցված քրեական գործի շրջանակներում փետրվարի 11-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, տարածքային քննչական բաժնի ծառայողներն ու Էրեբունու ոստիկանները խուզարկել են ձերբակալվածի տունն ու բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «Ֆորդը»։

Տնից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի և հրազենների 25 փամփուշտ, իսկ մեքենայում կար 1 կիլոգրամ 380 գրամից ավելի մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգված, մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 35 գրամից ավելի, ինչպես և առանց պայթուցիչի նռնակ: Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Related posts

«Զանգերի» հատվածում ձյուն է տեղում

Կիրանցում կա 4 շինություն, որը չի մնում ՀՀ տարածքում. Արմեն Գրիգորյան

Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում