«Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի փետրվարի 5-ին՝ Աբու Դաբիում։ Դրա նպատակն է Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ծառայությունների առևտրի և ներդրումների գործընթացի ազատականացումը։
Համաձայնագիրը նախատեսում է փոխադարձաբար վերացնել առկա խոչընդոտները, բարձրացնել տնտեսական արդյունավետությունը և ստեղծել բարենպաստ պայմաններ։ Այն կնպաստի տնտեսական համագործակցության խորացմանը, փոխշահավետ արդյունքների ապահովմանը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու նոր շուկաների բացահայտմանը։ Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 21-ի նիստում, քննարկվել է վերոնշյալ համաձայնագիրը վավերացնելու հարցը։
Համաձայնագրով սահմանված ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության կարգավորումները լրացուցիչ խթան կհանդիսանան նոր գործարար նախաձեռնությունների համար։ Համաձայնագրի մանրամասները ներկայացնելիս նախարարը ընդգծել է, որ փաստաթղթի շուրջ տևական բանակցություններ են ընթացել։
Գևորգ Պապոյանը պարզաբանումներ է ներկայացրել համաձայնագրով նախատեսվող կարգավորումների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել է արտահանման և ներմուծման ոլորտներում առկա խնդիրներն ու առևտրաշրջանառության դյուրացման հնարավորությունները։
Ամփոփիչ ելույթում էկոնոմիկայի նախարարը շնորհակալություն է հայտնել բովանդակալից քննարկման համար և արձագանքել պատգամավորների բարձրացրած մտահոգություններին ու դիտարկումներին։
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն։