Հայաստանի ընդգրկումը «Defender 23» զորավարժությունների մասնակիցների շարքում վրիպակ էր. Պենտագոն

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը՝ երեկ Պենտագոնի մամլո հաղորդագրության մեջ «Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում Հայաստանի ընդգրկման մասին:

ԱՄՆ պաշտպանության նախարարության պատասխանում նշված է.

«Հայաստանի ընդգրկումը («Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում) պարզապես Պենտագոնի մամլո ծառայության ներքին թիմի թույլ տված վրիպակ էր: Հայկական կողմը երբեք չի մասնակցել «Defender 23» զորավարժություններին և չպետք է ընդգրկվեր մասնակիցների ցանկում»:

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը տարածել էր տեղեկատվություն ապրիլի 22-ից եվրոպական տասը երկրներում մեկնարկող «Defender 23» անունը կրող զորավարժությունների անցկացման մասին։

Զորավարժությոններին մասնակցող երկրների ցանկում ներառված էր նաև Հայաստանը, սակայն ժամեր անց հաղորդագրության թարմացված տարբերակում Հայաստանի անունը հեռացվել է մասնակից երկրների շարքից:

Նշենք, որ այս պահին, Պենտագոնի հաղորդմամբ, բացի Միացյալ Նահանգներից զորավարժություններին կմասնակցեն 24 ԱՄՆ-ի դաշնակից ու գործընկեր երկրներ, որոնք են Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Կոսովոն, Մոլդովան, Չեռնոգորիան, Նիդեռլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան և Մեծ Բրիտանիան:

Related posts

Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկել են գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերը

2026-ի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր

Կառավարությունը կաջակցի ՀՀ տնտեսվարողներին թարմ պտուղբանջարեղեն, ծաղիկ արտահանել ԵՄ-ի, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ