Հայաստանը նախատեսում է ներդնել տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման եռաստիճան համակարգ

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը տեղեկացրեց՝ ՀՀ-ն նախատեսում է ներդնել տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման եռաստիճան համակարգ, ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Հարկվող բազայի քայքայումը և շահույթի տեղաշարժը» ծրագրով նախատեսված նվազագույն ստանդարտներ:

Նշված համակարգի և նվազագույն ստանդարտների ներդրման փուլերից մեկն է երկրների միջև հաշվետվության ավտոմատ փոխանակման համար անհրաժեշտ գործընթացների ապահովումը, մասնավորապես՝ հաշվետվության ավտոմատ փոխանակման համար իրավական հիմք հանդիսացող «Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների միջև բազմակողմ համաձայնագրին միանալը:

Ներկայումս համաձայնագրի կողմ են հանդիսանում 96 պետություն:

«Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի նպատակն է՝ բարձրացնել միջազգային հարկային թափանցիկությունը և բարելավել կողմ հանդիսացող պետությունների համապատասխան հարկային մարմինների մատչելիությունը եկամտի գլոբալ բաշխման, վճարված հարկերի և հարկային իրավազորությունների շարքում տնտեսական գործունեության տեղակայման որոշակի ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությանը:

Համաձայնագրին միանալն այն իրավական հիմքն է, որ Հայաստանին հնարավորություն է ընձեռում հարկային նպատակներով այլ պետությունների հետ ճշգրիտ և գաղտնի տեղեկությունների փոխանակումը, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանում տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման լիարժեք ներդրման արդյունքում ռիսկերի գնահատման արդյունավետության բարձրացմանը: Համաձայնագրին միանալը համահունչ է ՀՀ Կառավարության ծրագրով նախանշված ռազմավարական միջոցառումների իրականացմանը:

«Վավերացման դեպքում հարկային մարմինը ՏՀԶԿ-ի գլոբալ ֆորումի քարտուղարությանը պետք է համապատասխան տեղեկատվություն տա, որ միացել է, և հայտնի փոխանակման պայմանների, տեղեկատվության անվտանգության և այլ պայմանների մասին: Այս համաձայնագիրը նպաստում է միջազգային հարկային թափանցիկությանը, տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման լիարժեք ներդրմանը և միջազգային համագործակցության ոլորտում հուսալի գործընկեր երկրի ձևավորման համար կարևոր նշանակություն կարող է ունենալ»,- ասաց Մուրադյանը՝ խնդրելով կողմ քվեարկել նախագծին:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան