Հակոբ Սիմիդյանը Կանադայում մասնակցում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը 2023 թվականի օգոստոսի 21-28-ը գործուղվել է Կանադա (Վանկուվեր)՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանին և հարակից հանդիպումներին՝ ներառյալ նախարարական նիստերին մասնակցելու նպատակով։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՇՄ նախարարությունից։
Ասամբլեան ԳԷՀ-ի բարձրագույն կառավարման մարմինն է, որը չորս տարին մեկ անգամ հրավիրում է անդամ երկրների ներկայացուցիչներին՝ ամփոփելու անցած ձեռքբերումները և մեկնարկելու նոր գործառնական շրջանը:
Այս տարի ԳԷՀ-ի ասամբլեան համախմբել է 1500 մարդու ամբողջ աշխարհից՝ ներառյալ բնապահպանական առաջնորդների և կառավարիչների, կառավարությունների, բիզնեսի, գիտական հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։
Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանի մասնակից 185 երկրների ներկայացուցիչներ Կանադայում համաձայնել են ստեղծել նորարարական նոր հիմնադրամ կենսաբազմազանության համար, որը ֆինանսավորում կներգրավի կառավարություններից, նվիրատվություններից և մասնավոր հատվածից:
Կենսաբազմազանության նոր գլոբալ շրջանակային հիմնադրամը (GBFF) նախագծված է մոբիլիզացնելու և արագացնելու ներդրումները հանուն վայրի տեսակների և էկոհամակարգերի պահպանության և կայունության, որոնց առողջությունը վտանգված է անտառային հրդեհների, ջրհեղեղների, անոմալ եղանակային պայմանների և մարդկային գործունեության արդյունքում։
Նոր հիմնադրամը, որը վավերացվել և գործարկվել է Վանկուվերում, արդեն ունի նախնական ներդրումներ՝ 200 միլիոն կանադական դոլար Կանադայից և 10 միլիոն ֆունտ ստերռլինգ Միացյալ Թագավորությունից:
ԳԷՀ-ն նոր հիմնադրամը կառավարելու համար ընտրվել էր Կենսաբազմազանության վերաբերյալ COP15 կոնվենցիայի գագաթնաժողովում 2022 թվականի դեկտեմբերին, իսկ նրա կառավարող խորհուրդը դրա ծրագրերը հաստատել է 2023 թվականի հունիսին Բրազիլիայում:
Հիմնադրամի ռեսուրսների 20 տոկոսը կհատկացվի կենսաբազմազանությունը պաշտպանելու և պահպանելու նախաձեռնություններին: Այն նաև առաջնահերթություն է տրամադրելու զարգացող փոքր կղզի պետություններին և քիչ զարգացած երկրներին, որոնք կստանան հիմնադրամի միջոցների ավելի քան մեկ երրորդը:
Նստաշրջանի աշխատանքները շարունակվում են։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան