Կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքում կարգավիճակի փոփոխությունը կատարելապես բացառում ենք. Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տնտեսության զարգացման տեսլականին, ինչպես նաև տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման թեմային:

«Տնտեսության մասին մեր ռազմավարական պատկերացումը հետևյալն է. այն պետք է լինի գիտելիքահեն՝ սկսած գյուղատնտեսությունից, շարունակած արտահանմամբ և առևտրով: Պետք է հենվի մինչ այժմ գոյություն ունեցած և նոր ի հայտ եկած ու եկող գիտելիքի, հմտության, իմացության վրա, որի կուլմինացիան պետք է դառնան արդյունավետությունը և աշխատանքի արտադրողականության բարձրացումը»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ առաջիկա 5 տարիներին ծրագրում են կառուցել 2600 կմ ճանապարհ, սկսել կամ ավարտին հասցնել 15 նոր ջրամբարների կառուցումը, ապահովել ՀՀ երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի, Իրանի ու այդպիսով՝ ամբողջ աշխարհի հետ:

«Այս համատեքստում մեր կառավարությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային որևէ տրամաբանություն: Կոմունիկացիների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքում կարգավիճակի փոփոխությունը կատարելապես բացառում ենք: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները Հայաստանի տարածքով միջանցք ստանալու մասին այլ բան, քան աբսուրդ, դժվար է անվանել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ տարածաշրջանի տնտեսական կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն, և երկրները կստանան հավասարաչափ և համաչափ հնարավորություններ, այնպես, ինչպես նկարագրված է Մոսկվայի՝ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ:

«Հայաստանը տրամադրված է հետևողականորեն առաջ շարժվել՝ այս հայտարարության դրույթները կյանքի կոչելու համար: Սա ռազմավարական նվաճում կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար՝ լայն դռներ բացելով խաղաղության, կայունության և երկարատև զարգացման համար»,- հավելեց Փաշինյանը:

Related posts

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր

ՀՀ-ն և ԱՄՆ-ը երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը