Կնոջն ինքնասպանության հասցնելու համար ձերբակալվել է ամուսինը

Օգոստոսի 13-ին՝ ժամը 15:45-ին, Գեղարքունիքի մարզի բնակչից հաղորդում էր ստացվել այն մասին, որ իր կինը հրազենով գլխին կրակելու եղանակով ինքնասպանություն է գործել:

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և ապացուցողական մի շարք անհետաձգելի գործողություններով պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ:

Մասնավորապես տվյալներ են ստացվել այն մասին, որ համատեղ կյանքի ընթացքում ամուսինը, քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածից սկսած, վերահսկել է իր կնոջը՝ նրան արգելելով շփվել հարազատների հետ, ֆիզիկական ուժ գործադրել նրա նկատմամբ, սպառնացել իրավապահ մարմիններին դիմելու դեպքում ծեծի ենթարկել, ինչը կնոջ մոտ առաջացրել է անլիարժեքության, վախի և տագնապի զգացում` վերջինս պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք, տարբեր առիթներով պարբերաբար հասցրել է վիրավորանքներ:

Այդ հանգամանքներով պայմանավորված` կինը, չհամակերպվելով իր նկատմամբ ցուցաբերած անարդար վերաբերմունքին, չհանդուրժելով արժանապատվության նվաստացումներին, այլ ելք չգտնելով ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, 2024 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Մակարով» տեսակի ատրճանակից իրենց տանը կրակել է իր գլխին՝ ինքն իրեն պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:

Նկատի ունենալով, որ ստացված տեղեկությունն առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հատկանիշներով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ, որը միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին` օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրազենի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Գեղարքունիքի մարզի վերոհիշյալ բնակչի ձերբակալման մասին որոշում է կայացվել, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում