Կա հիմնավոր կասկած, որ Արթուր Սարգսյանը կդիմի փախուստի. Վարդապետյանը՝ պատգամավորին ազատությունից զրկելու հիմքերի մասին

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովի՝ հուլիսի 8-ի նիստին ներկայացրեց միջնորդագիր, որպեսզի օրենսդիրը տա համաձայնություն՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանին ազատությունից զրկելու:

Գլխավոր դատախազը ներկայացրեց կալանավորման հիմքերը: Վարդապետյանը հիշեցրեց՝ Արթուր Սարգսյանը նախկինում զբաղեցրել է մի շարք պաշտոններ, ինչը ողջամտորեն ենթադրում է, որ պատգամավորական մանդատով պայմանավորված՝ նա ունի կապեր ու լծակներ ինչպես պետական համակարգի տարբեր օղակներում պաշտոններ զբաղեցնող անձանց, այնպես էլ հասարակության շրջանում:

«Այս հագամանքն էականորեն բարձրացնում է նրա կողմից ապացուցման գործընթացին միջամտելու հնարավոր հավանականությունը:

Միևնույն ժամանակ, Արթուր Սարգսյանին մեղսագրվող ենթադրյալ հանցանքների կատարման եղանակները, դրանցում ներգրավված անձանց քանակը, և նրանց հետ Արթուր Սարգսյանի ունեցած կապերը հիմնավոր կասկած են հարուցում այն մասին, որ նա կարող է ոչ միայն ապօրինի ազդեցություն ունենալ վարույթով ներգրավված անձանց, գործով դեռևս չհարցաքննված անձանց վրա, այլ նաև թաքցնել կամ ոչնչացնել վարույթի համար նշանակություն ունեցող նյութերը:

Հետևաբար, այս առումով անհրաժեշտ է հաշվի առնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքն այն մասին, որ անձի ազատության իրավունքը սահմանափակելիս կարևոր դերակատարում ունի նրա ունեցած դերը հասարակության մեջ, զբաղեցրած պաշտոնը և հնարավոր ազդեցությունը գործով անցնող վկաների վրա, մինչդատական վարույթին բնականոն ընթացքին խոչընդոտելու հնարավորությունը ևս»,- ասաց նա:

Ըստ Վարդապետյանի՝ ազատության մեջ մնալով՝ Արթուր Սարգսյանը կարող է ձեռնամուխ լինել արդեն իսկ նախապատրաստված հացանքների իրագործմանը՝ այդ կերպ կատարելով Քրեական օրենսգրքով նախատեսած հանցանք:

«Մենք ունենք ենթադրություն, առկա հիմնավոր կասկած առ այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում Արթուր Սարգսյանը կդիմի փախուստի»,- ասաց նա և ներկայացրեց միջնորդություն՝ տալու համաձայնություն, որպեսզի Արթուր Սարգսյանը զրկվի ազատությունից:

Related posts

Ձերբակալվել է ՀԷՑ-ի ևս 2 աշխատակից

Չնախատեսված կարճատև հանդիպում Լեռնանիստի բնակիչների հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Քորթնի Ռեթրին մտքեր են փոխանակել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ 80» նախաձեռնության վերաբերյալ