Կարևոր ուղղություններից մեկը պետք է լինի զոհվածների ընտանիքների սոցիալական երաշխիքի հարցը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամություն ստացած անձանց սոցիալական երաշխիքների ապահովման հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր առաջիկա գործունեության կարևոր ուղղություններից մեկը պետք է դառնա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների, նաև հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների հարցը: Այսօր մենք հավաքվել ենք նախ քննարկելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակը, այսինքն` տեսնելու, թե ինչ ունենք, ինչ իրավիճակ ունենք և ինչ անելիքներ կան, որպեսզի կարողանանք հիմնադրամի լիարժեք գործունեությունն ապահովել: Պետք է քննարկենք նաև այն, թե ինչ լրացուցիչ գործիքներ ունենք, որպեսզի կարողանանք ավելի կայուն և համապարփակ դարձնել այդ հիմնադրամի գործունեության հետ կապված հարցերը»:

Այնուհետև ներկայացվել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շրջանակում սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, միանվագ և ամենամսյա վճարների մեխանիզմները, հիմնադրամի միջոցների ընդլայնման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները, որոնց շուրջ ներկայացվել են տարբեր առաջարկություններ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրել է տեղեկատվություն «Մենք ենք մեր սահմանները» խորագրով դրամահավաքի շրջանակում ստացված միջոցների, դրանց օգտագործման ուղղությունների և նպատակների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաև Արցախի մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերի ու միջոցառումների իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքին:

Կառավարության ղեկավարը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ վերը նշված ուղղություններով աշխատանքներն առավելագույնս կազմակերպված, նպատակային ու հասցեական իրականացնելու համար:

Related posts

Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար