Կարևորում եմ Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների ակտիվացումը. Խանդանյանը՝ Միհայ Բալլային

Կարևորում եմ Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների ակտիվացումը, ինչը դրական ազդեցություն կունենա տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ու խորացման վրա. ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` ողջունելով Հունգարիայի Ազգային ժողովի Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Միհայ Բալլայի գլխավորած պատվիրակությանը մեր երկրի խորհրդարանում:

Հոկտեմբերի 11-ին կայացած հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանն ու Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:

Սարգիս Խանդանյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին երկու երկրների կառավարությունները սերտորեն համագործակցում են: Հանձնաժողովի նախագահը խոսել է միջխորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտության մասին` այս համատեքստում արժևորելով բարեկամական խմբերի աշխատանքը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ չնայած երկու պետությունների միջև հարաբերություններն ակտիվացել են, սակայն տարբեր ոլորտներում` տնտեսական, կրթական, մշակութային համագործակցության զարգացման մեծ ներուժ կա:

Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին` կողմերը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև կայունության ու խաղաղության հաստատումը: Սարգիս Խանդանյանը խոսել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի մասին, ներկայացրել Հայաստանի կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչը, ըստ պատգամավորի, կարող է երաշխիք լինել տարածաշրջանում խաղաղության հաստատման:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը, ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցին: Միհայ Բալլան ընդգծել է այդ գործընթացներում Հայաստանին աջակցելու հունգարական կողմի պատրաստակամությունը:

Related posts

Վանաձորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներ կան. նրանք ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևան

Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը