Կառավարությունը երբեք չի իրականացնի օրենսդրական նախաձեռնություն, որը կսահմանափակի ՀՀ քաղաքացու ազատ արտահայտման իրավունքը. ՏԿԵ փոխնախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի նախաձեռնությամբ այսօր` ապրիլի 5-ին, նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկում:

Քննարկմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «ԷկոԼուր» և «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հովհաննես Հարությունյանը ներկայացրել է նախագծով օրենսգրքում նախատեսված հիմնական փոփոխությունները և շեշտել, որ ՏԿԵ նախարարությունը որդեգրել է բաց և թափանցիկ աշխատելաոճ։

Հասարակական սեկտորի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու մտահոգությունները նշված նախագծի վերաբերյալ։

Քննարկման ընթացքում ՀԿ սեկտորի կողմից բարձրացվել է մտահոգություն, ըստ որի՝ այս նախագիծը միտված է սահմանափակելու քաղաքացիների սահմանադրական իրավունքները։

Այդ մտահոգությանն ի պատասխան՝ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը երբեք չի իրականացնելու այնպիսի օրենսդրական նախաձեռնություն, որը կսահմանափակի ՀՀ քաղաքացու ազատ արտահայտման իրավունքը կամ միտված կլինի մարդու իրավունքների ցանկացած սահմանափակման:

«Նշված փոփոխությունները նախատեսված են որպես ներդրումային միջավայրի բարելավման գործիք՝ բնագավառն ավելի կանխատեսելի դարձնելու համար»,- ընդգծել է նախարարի տեղակալը։

Related posts

Ավտոմեքենան սահել, ընկել է Չիչխան գետը

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշում է կայացրել

Պատշգամբից ընկնելու տարբերակը հերքվեց. վնասվածքը վրաերթի հետևանք էր