Կայացել է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին հանդիպումը

Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի փոխարտգործնախարարներ Անդրեյ Ռուդենկոյի, Վահե Գևորգյանի, Խալաֆ Խալաֆովի, Սեդաթ Օնալի, ինչպես նաև Իրանի արտգործնախարարության գլխավոր տնօրեն Ալիռեզա Հաղիղյանի մասնակցությամբ: Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրված էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի աշխատանքը կենտրոնացնել բոլոր մասնակիցներին հետաքրքրող գործնական հարցերի ուղղությամբ։ Դրանք ներառում են վստահության բարձրացման, առևտրի, տնտեսական, տրանսպորտային, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխգործակցության, ինչպես նաև ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելուն ուղղված միջոցառումներ:

Հինգ երկրի ներկայացուցիչները հետաքրքրվածություն են ցուցաբերել հարթակի աշխատանքներին Վրաստանի մասնակցության նկատմամբ, ինչի համար «դուռը մնում է բաց»։

Քննարկվել են հետագա քայլերն ու աշխատանքային ծրագրերը՝ համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հնարավոր ներգրավմամբ։

Related posts

Վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել