Կա՛ ապագա, ու այն արարելու ենք այսօր. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ քաղաքացուն

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ՀՀ քաղաքացուն ուղղված կոչով:

«Բարև՛, Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Քեզ դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չորս երեխաների հայր, «Հայկական Ժամանակ» օրաթերթի նախկին խմբագիր, նախկին քաղբանտարկյալ, 2012-18թթ. ԱԺ պատգամավոր, 2017-18 թվականներին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետ, վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Ուզում եմ չհանձնվես, ուզում եմ չկասկածես: Քեզ փորձում են համոզել, թե դու սխալվել ես՝ մտածելով, որ կարող ես որոշող լինել քո հայրենիքում, քո պետության մեջ: Քեզ փորձում են համոզել, թե ժամանակը հակառակը ցույց տվեց, որ կա՛մ պիտի հպատակ լինես քո հայրենիքում, կա՛մ կորցնես հայրենիքդ:

Իսկ ես քեզ դիմում եմ համոզմունքով, որ ճշմարտությունն ուղիղ հակառակն է: Երկար տարիներ մենք շատ բաներ հանդուրժեցինք հանուն հայրենիքի, և արդյունքում պարզվեց, որ հայրենիքի քայքայումն ենք հանդուրժում:

Այն պահին, երբ սկսեցինք չհանդուրժել, մեր հայրենիքն արդեն նմանվում էր անդունդ գահավիժող մի մեքենայի, որին փորձում էինք կառավարել՝ առանց ղեկի ու անիվների, առանց արգելակի ու շարժիչի: Գահավիժման այդ ընթացքը դժվարությամբ ենք կանգնեցնում՝ ծանր կորուստներով, բազմաթիվ զոհերով, անտանելի ցավերով, խառնակ ու խառնաշփոթ ժամանակներով:

Ու հիմա դու ընտրության առաջ ես՝ ենթարկվե՞լ ժամանակին, թե՞ քեզ ենթարկել ժամանակը: Ես ուզում եմ, որ քեզ ենթարկես ժամանակը, որովհետև այն ժամանակը, որ քեզ ենթակա չէր երեկ, մեր այսօրվա կորուստների առանցքային պատճառն է: Այսօրվա մեր դառնությունը կուտակվել է երեկ:

Հիշո՞ւմ ես քանի-քանի առիթներով և քանի-քանի տարիներ ես ապրել այն համոզումով, որ «էս երկրում ապագա չկա»: Ու այն ժամանակ, երբ փոխում էիր համոզումդ, վրա հասավ ամենամեծ աղետն ու էլի սկսեցիր մտածել, որ ապագա չկա:

Բայց այսօրը ապագա էր երեկ: Իսկ վաղն ապագա է այսօր, ու այն պիտի գա, եթե դու որոշես, որ այն կա՛, որովհետև ցավից չպիտի կորցնես ապագայի մասին երազելու և ապագան ամենօրյա աշխատանք դարձնելու կարողությունդ:

Բարև՛, Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Քեզ գրում եմ՝ ասելու, որ Ապագա կա: Կա՛ ապագա, ու այն արարելու ենք այսօր:

Քո Նիկոլ»,- ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում:

Բարև՛, Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Քեզ դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չորս երեխաների հայր,…

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Воскресенье, 6 июня 2021 г.

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից