Խնդրում ենք զգայունությամբ մոտենալ Ադրբեջանից ՀՀ վերադարձված անձանց թեմային. Նազելի Բաղդասարյան

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը կոչ է արել լրագրողներին առավելագույն պատասխանատվությամբ և զգայունությամբ մոտենալ Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն վերադարձված անձանց թեմայի լուսաբանմանը՝ ընդգծելով նրանց և նրանց ընտանիքների անձնական կյանքի իրավունքի հարգման կարևորությունը։

«Հարգելի՛ լրագրողներ, խնդրում ենք առավելագույն պատասխանատվությամբ և զգայունությամբ մոտենալ Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն վերադարձված անձանց թեմային։

Հորդորում ենք հարգել նրանց և նրանց ընտանիքների անձնական կյանքի իրավունքը, ինչպես նաև իրենց կողմից կայացված որոշումները՝ հանրայնացման, տեսալուսանկարահանման կամ հրապարակայնության այլ ձևերի վերաբերյալ»,- գրել է Բաղդասարյանը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն է փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին: Վարչապետը տեղեկացրել էր նաև, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երևան։
Հիշեցնենք՝ Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը գերեվարվել էին 2020 թ․ նոյեմբերին՝ պատերազմի ավարտից հետո, երբ փորձել էին աջակցություն հասցնել Ղարաբաղ: Ադրբեջանում ընկերները դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման: Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել էր 2020-ի նոյեմբերի 10-ին, Շուշի ուղևորվելու ճանապարհին: Էուլջեքջյանը դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման: Ինչ վերաբերում է Վագիֆ Խաչատրյանին. տարեց տղամարդը գերեվարվել էր 2023-ի հուլիսին՝ Հակարիի կամրջի մոտ, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Ղարաբաղից մեկնում էր Հայաստան՝ բուժման նպատակով: 2025-ի դեկտեմբերի վերջին տեղեկություններ տարածվեցին, որ նրա առողջական վիճակը Բաքվի բանտում վատացել է, տեղափոխվել է հիվանդանոց:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել