Լիտվան արտաքսում է Ռուսաստանի դեսպանին

Վիլնյուսում Ռուսաստանի դեսպանը ստիպված կլինի լքել Լիտվան. Մոսկվայից հետ է կանչվել Լիտվայի դեսպանը։ Այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Բալթյան այս հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը՝ տեղեկացնում է svoboda.org-ը։

«Լիտվայի կառավարությունը, արձագանքելով Ուկրաինայում Ռուսաստանի շարունակվող ագրեսիվ գործողություններին, որոշել է իջեցնել դիվանագիտական ​​առաքելության կարգավիճակը։ ՌԴ դեսպանը ստիպված կլինի լքել Լիտվան: Մոսկվայում Լիտվայի դեսպանն էլ շուտով կվերադառնա Վիլնյուս»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։

Լիտվայի կառավարության որոշմամբ կփակվի նաև Կլայպեդայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Ինչպես նշել է Լանդսբերգիսը, Վիլնյուսն իր որոշման մասին տեղեկացրել է Եվրամիության և ՆԱՏՕ-ի գործընկերներին։ «Մենք մեր գործընկերներին հորդորել ենք հետևել մեր օրինակին»,- ասել է դիվանագետը։

Մեկ այլ որոշմամբ՝ մոտ ժամանակում Կիև կվերադառնա Ուկրաինայում Լիտվայի դեսպանը:

Վիլնյուսի որոշման հրապարակումից անմիջապես հետո Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցման մասին է հայտարարել նաև Լատվիայի կառավարությունը: Ռիգան նույնպես պատրաստվում է վտարել Ռուսաստանի դեսպանին և հետ կանչել իր դեսպանին Մոսկվայից։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Կրեմլի պատասխան միջոցները չեն ուշանա:

Միաժամանակ Նիդերլանդների դեսպանատունը Մոսկվայում և Թագավորության գլխավոր հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում հայտարարել են, որ չեն դադարեցնում աշխատանքը Ռուսաստանում:

Նրանք ապատեղեկատվություն են համարել անցյալ շաբաթ որոշ լրատվամիջոցների տարածած լուրերը, որոնց համաձայն՝ Հոլանդիայի դիվանագիտական ​​ներկայացուցչությունները որոշել են դադարեցնել աշխատանքը Ռուսաստանում՝ մինչև Ուկրաինայում հատուկ գործողության ավարտը։

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում